Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարար. «Իմ սիրտը ցավում է այդ հուշարձանների համար»

Հունիս 03,2013 13:23

«Ըստ օրենքի, հուշարձանի սեփականատերը պետք է պահպանի տվյալ հուշարձանը, բայց մենք չենք կարող ասել, թե Սանահինը, Գառնին պետական չեն, չենք միջամտի: Իր հնարավորության սահմաններում պետությունն աջակցում է: Ավելին ասեմ, կարծես թե պետության մասնակցությունը անհրաժեշտ է, որպեսզի «սայլը տեղից շարժվի»,- այսօր խորհրդարանում 2012-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Տիկին Պողոսյանը պատասխանում էր ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի հարցին, թե ի՞նչ ծրագրեր են նախատեսված մեր մշակութային ժառանգության պահպանման համար:

«Անցյալ տարի Սանահինի հուշարձանի հարցն ենք սկսել եւ մնացյալ բոլորը, հերթականությամբ լուծվելու է: Այս տարի կսկսվի Գեղարդի վանքի վերանորոգումը»,- հավելեց նախարարը:

Հասմիկ Պողոսյանն ասաց, որ հուշարձանների վերանորոգման ոլորտում մասնագետների պակաս կա եւ դա փորձում են իտալացի մասնագետների հետ համատեղ անել: Նա հիշեցրեց նաեւ, որ ՀՀ նախագահի հրամանագրով գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներով:

Ընդհանուր առմամբ, նախարարը խոսեց մեկ միլիարդ դրամի ծրագրերի մասին: Նա ասաց, որ ժամանակի ազդեցության իմաստով մեծ կորուստ է եղել, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 2005-ին նոր մշակութային ժառանգության պահպանման ծրագրեր չեն եղել, իսկ դրանից հետո մի շրջան էլ բավական անորակ են եղել, քանի որ մասնագետների պակաս կար: Նախարարի հավաստմամբ, այժմ ամեն ինչ կամաց-կամաց մտնում է նորմալ հուն եւ ըստ վերանորոգման հրատապության`բոլորն էլ վտանգված վիճակից կբերվեն կայուն մասի:

«Աչքիս տեսածը մի քիչ տարբերվում է ձեր նշած պատկերից: 18 միլիոն Սանահինում ծախսել եք: Բայց ամեն տարի հուշարձանի վրա աճող ծառերը հսկայական գումարներ են տանում»,- ասաց Դավիթ Հարությունյանը, ինչի հետ նախարարը չհամաձայնեց: «Իմ սիրտը շատ է ցավում այդ հուշարձանների համար, ինչպես բոլոր հայերինը, բայց կարծես դա մեկ մարմնի գործառույթ է ու շատ քչերն են ասում, որ այս մի բանով կարող ենք օգնել»,- դժգոհեց նախարարը:

Այնուհանդերձ Դավիթ Հարությունյանն ասաց, որ հարցը շատ կարեւոր ու հրատապ է, որ առաջարկում է լսումներ անցկացնել: Նախագահող Արտակ Դավթյանն էլ ասաց, որ լսումներ կանցկացնեն արտագնա նիստում`Սանահինում: Նախարարն ասաց, որ իրենք շահագրգիռ են այդ քննարկումն անցկացնելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ամերիկայի նախագահի սիրտն էլ է ցավում Սիրայում սպանված քաղաքացիների համար…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930