Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հավակնություններն ու «Եվրանեսթի» հարթակը (Տեսանյութ)

Հունիս 03,2013 13:03

«Ադրբեջանը  «Եվրանեսթի» հարթակը ևս փորձում է օգտագործել հակահայկական տրամադրություններ ստեղծելու և քարոզչություն իրականացնելու համար:Սակայն  նրանց առաջարկած բանաձևը այդպես էլ վերջնական տարբերակով տեղ չգտավ լիագումար օրակարգում: Սա այն հարթակն է, որտեղ ներքաղաքական հակասությունները տեղ չեն ունենում և ՀՀ պատվիրակության անդամները համակարգված աշխատում են»,-«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին հայտարարեց պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ պլենար նիստի ընթացքում Վրաստանի, Ադրբեջանի կողմից առաջարկներ են ներկայացվել, որոնք հակասում էին ՀՀ դիրքորոշմանը: ՀՀ պատվիրակության աշխատանքների արդյունքում 12 առաջարկ հանվել է օրակարգից: Օրինակ՝ Ադրբեջանը մտցրել է օրակարգ ՀՀ-ում ջրային ռեսուրսների սահմանափակման մասին բանաձև, ինչը ըստ ադրբեջանցիների՝ սպառնալիք է Ադրբեջանի համար, մասնավորապես նկատի ունեին Սարսանգի ջրամբարը՝ խոսելով «օկուպացված տարածքներ» և այլն ձևակերպումներ:

Ա. Զաքարյանը նշեց, որ «Եվրանեսթի» հաջոր լիագումար նիստը տեղի կունենա 2014-ին Հայաստանում:

Քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Ադրբեջանը ցանկացած հանձնաժողով, նախաձեռնություն փորձում է օգտագործել իր երկրի արտաքին քաղաքականության շահը առաջ մղելու համար: Նույնիսկ նրանց առաջարկությունները հաճախ կապ չեն ունենում օրակարգի հետ, նրանք փորձում են ներկայացնել իրենց խեղաթյուրված պատկերացումները ԼՂՀ հակամարտության մասին: Ի տարբերություն ԵԽԽՎ-ի, որտեղ Ադրբեջանին հաջողվել է լոբբիստական տրամաբանությամբ փոխել Եվրապառլամենտի դիրքորոշումները, «Եվրանեսթում» դեռ կա այն սթափ գիտակցությունը, որ Ադրբեջանը այդ հարթակը չփորձի դարձնել հակամարտության լուծման հարթակ»:

Ն. Զոհրաբյանը հավելեց, որ չնայած համախմբված հանդես գալուն՝ կային հարցեր, երբ ՀՀ պատվիրակության անդամները քվեարկել են իրենց քաղաքական հայացքներից ելնելով: Նա օրինակ բերեց Վանո Մերաբիշվիլիի հետ կապված հարցի քննարկումը, որտեղ Ն. Զոհրաբյանը, Վ. Հովհաննիսյանը, Հ. Բագրատյանը այլ տեսակետ են պաշտպանել, մյուսները՝ այլ: Ն. Զոհրաբյանը մասնավորեցրեց, որ ԲՀԿ-ն պաշտպանել է վարչապետ Իվանիշվիլիի գլխավորած քաղաքական ուժի տեսակետը:

Ասուլիսին քննարկվեց նաև այն հարցը, թե ՀՀ-ն ի վերջո կարո՞ղ է վարել բազմավեկտոր քաղաքականություն՝ միևնույն ժամանակ լինելով և′ ՌԴ-ի, և′ Եվրոպայի հետ, մասնավորապես հարցը քննարկվեց ՀՀ-ի՝ մաքսային միությանը անդամակցելու համատեքստում: Ա. Զաքարյանը ի պատասխան լրագրողների մտահոգությունների՝ նշեց, որ ՀՀ-ի վրա այս հարցի կապակցությամբ ճնշումներ չկան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930