Այսօր «Ազդակ» ակումբում «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության նախագահ, «Հակակոռուպցիոն» հ/կ անդամ Գառնիկ Մարգարյանն ասաց, որ Հայաստանն որպես կոռումպացված երկիր, սկսած 1997 թվականներից միշտ 120-129-րդ տեղերում է եղել:
Նրա ձեւակերպմամբ`կոռուպցիան ավելի վտանգավոր է, քան տեռորիզմը, քանի որ այն պետության վաղվա օրը դնում է հարցականի տակ. «Եթե Հայաստանի հանրապետությունում կոռուպցիան շարունակվի այսպես, ապա մենք կունենանք ավելի մեծ արտագաղթ եւ ոչ միայն դա: Մենք պայքարելու ենք երեւույթի դեմ, որպեսզի թալանվածը հետ վերադարձվի հայ ժողովրդի պետական բյուջե»:
Մարգարյանն անդրադառնալով երկրի ամենակոռումպացված դեմքերին, մասնավորպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց. «Ղարաբաղից եկել է Հայաստան, ինչպես է եղել, որ հանքեր է ձեռք բերել, կամ որտեղի՞ց նրան տասնյակ օբյեկտներ, որոնց մի մասը Հայաստանում է, մյուսը` դրսում, որտեղի՞ց նրան այդքան ունեցվածք, ինչո՞ւ չպետք է այս ամենը վերադարձվի հայ մարդուն: Կան տասնյակ պատգամավորներ, չինովնիկներ, որոնք զրոյից եկել, հարստացել են»:
Մարգարյանի խոսքով` երկրում սով է, բայց եկեղեցիներ են սունկի նման բազմանում, եկեղեցիների բացման ֆուրշետը վարկաբեկում է ազգը…
Կարդացեք նաև
«Երկրում կոռուպցիան սկսել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ հսկայական ֆաբրիկաներն ու այլ կառույցներ նվիրվել են ինչ որ մարդկանց: Արդյունաբերության մեծ պոտենցիալը սեփականաշնորհվել է, որպեսզի թալանվի»,- ասաց Մարգարյանը:
Նա նաեւ վստահեցրեց, որ ազգային բրենդերն, ինչպես օրինակ՝ կոնյակի գործարանն եւ այլ արժեքներ, պետք է պետականացվեն:
Ռուսաստանի այն փաստաթղթերը, որոնք բացահայտում են ՀՀ նախագահների, չինովնիկների սեւ գործերը` հետագայում չեն օգտագործի Հայաստանի դեմ, վստահեցրեց Մարգարյանն՝ ասելով, որ իրենք լրջագույն ձեւով են համագործակցում ու զբաղվում այս հարցերով:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ