Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման իմիտացիա

Հունիս 03,2013 11:32

Ոչ հայերեն բառի համար լեզվի մաքրության արթուն պահապաններից՝ ներողամտության խնդրանք: Պարզապես հայերեն «նմանակում»-ը, թվաց, լիովին չի խտացնում իրականությունը, որն առկա է մեզանում, ինչը նկատի ունեմ: Բառի սխալ կիրառությունը, ի վերջո, աղետալի հետևանք ունենալ մեծ հաշվով չի կարող, ինչպես դերասանի՝ հայտնի դեմքերին ձախող օրինակելը, բայց երբ պետության կառավարման ոլորտում են շեղում-խեղումները, կապկումները… Համ էլ՝ ես արդեն թողություն հայցեցի, իսկ իշխանության շուրթերից երբևէ լսե՞լ եք սույն արտահայտությունը՝ ներողություն: Ինչևէ:

Ուշադրություն դարձրե՞լ եք՝ մերոնք անցյալում շեները հիմնականում որտե՞ղ են հիմնել. մեծիմասամբ ընտրությունը կանգ է առել տվյալ տեղանքի ոչ հարթ, անբերրի հողատարածքի՝ բլրի, սարալանջի, քարուտի վրա: Նույնը՝ գերեզմանոցները, անգամ ծիսարանները: Տները՝ մոտեմոտ, ափաչափ բակերով: Բնակատեղիի հարցում նպատակը հստակ է. նախ՝ պաշտպանվելը, թաքնվելը, փոխօգնության հասնելը հեշտ է եղել և ապա՝ հող են խնայել: Վարելահող… Ժուժկալ կյանքին, անհարմար կենցաղին դարեդար անտրտունջ համակերպվել են՝ գիտենալով, որ երկու, տասը արտ ավելի կունենան: Հանուն պտղաբեր հողի անգամ ննջեցյալների վրա են տարածել կարգը. թող քիպ լինեն շիրմաքարերը՝ իրար ի մոտո: Հանգուցյալներն ըմբռնումով կվերաբերվեն իրենց «գծուծությանը», զի ժամանակին նրանք ևս իմացել են հողի հարգը:

Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Այցելեք ցանկացած բնակավայր, ոտքը քաղաքից դուրս դրեք ու կտեսնեք բոլորովին հակառակը. հարթավայրերը, արգավանդ, բերքատու հողերը դրվել, դրվում են կառուցապատման տակ: Առանձնատներ են, տարատեսակ շինություններ՝ խանութ, կազինո, ավտոտեխսպասարկման կայան, պահեստ… Բարձրացրեք հայացքը: Եթե ազատ հողահանդակներ կան, ուրեմն համայնապատկերն աղճատում են դաշտամիջյան լենուբոլ ճյուղառատ ճամփեքը, խրամուղիներ, խողովակաշարեր, կիսավեր կառույցներ, լքյալ կամ գործող հանքեր… Եվ աղտեղություն՝ կուտակ, ցրիվ: Հայացքներդ վերստին հառեք առանձնատներին, մանավանդ պարիսպներին՝ երկու, երեք, չորս մետր բարձրությամբ: Իրենց մեջ են առել շինությունը, որի կեսն է երևում՝ պատաշարի հոծությունից խեղդված: Տները հիմնականում երկհարկ են, եռահարկ՝ ըստ տիրոջ ճաշակի, կարողության: Մեկը մեկից տարբեր, տարաոճ: Ճիշտ չասացի, որպես կանոն՝ անոճ, տխեղծ: Զբաղեցնում են հողամասի մեծ մասը, երբեմն՝ գրեթե ողջը: Մտածում ես՝ ինչու՞ են այդքան մեծ, ու՞մ համար են, ե՞րբ են ավարտելու: Ասենք՝ ավարտեցին, ինչո՞վ են լցնելու: Եվ վերջապես՝ ո՞վ է ապրելու, վայելելու, եթե երկիրը դատարկվում է: Ինչի՞ց են երկյուղում, որ այդպես հիմնովին գոտևորել են ունեցածները, մեկուսացել, պարփակվել դղյակներում: Համընդհանուր օտարացման մի վկան էլ բերդապարիսպները չե՞ն: Մի՞թե այդչափ հարուստ, հզոր տերություն է Հայաստանը, որ անքանակ պալատներ են հառնում՝ մինչևիսկ փառաց ժամանակների հայոց արքաների, իշխանների, սեպուհների կառուցածին գերազանցող, անգամ նրանց նախանձը շարժող: Եթե դա է իրականությունը, էլ ինչու՞ է ճողոպրում, ումի՞ց է փախչում մարդը՝ ինքնաթիռով, գնացքով, ավտոբուսով, ոտքով, ճամպրուկով, անուղեբեռ…

Կոնկրետանամ. 1980-ին եմ բնակարան ստացել Ավանում: Մինչև իննսունականները Բուսաբանական այգու հարևանությամբ, դեպի վեր գնալիս Աճառյան փողոցի ձախամասում հիանալի ցորենարտեր էին: Նույնը՝ Ավան ու Առինջ գյուղերի միջակայքում, որտեղ, ըստ հնագետների, Տիգրանակերտ անվամբ պատմավայրի հետքեր կան: Չարենցի, Դուրյանի թաղամասերը Նորքի երրորդ զանգվածից, Ջրվեժից զատող տարածքում՝ մինչև Ձորաղբյուր և Մհուբի հրաձգարան, խնձորենու, տանձենու, ընկուզենու, ծիրանենու երիտասարդ այգիներ էին: Հեկտարով չեմ կարող ասել, բայց գիտեմ՝ հիմա ողջը առանձնատների կառուցման տակ է: Բաժան-բաժան, մեջ-մեջ են արել ու շինու~մ են, ծախում, վերավաճառում… Հողեր, որոնք ոչ հեռու անցյալում կերակրել են նշյալ գյուղերի բնակչությանը, ապահովել ցորենով, գարով, կտավատով, պտղով, բանջարեղենով: Պաշտպանության նախարարության նոր համալիրից Ջրվեժ ձգվող հատվածին Բագրևանդ էլիտար թաղամաս անվանումն են տվել: Ողբամ զձեզ: Ամանը կա, ամանում՝ ոչ: Անունը կա, ինքն ի չիք է: Մայրուղուն մերձ երկողմ խաղատներ են, հյուրանոցներ, հացատներ, տներ, հանպատրաստից փարախներում մատաղվելու սպասող մակաղած ոչխար ու գառ: Թե ծախողներն ովքե՞ր են, գիտեք: Չասե՞ս՝ ու՞մ թողեցիք պատմական Բագրևանդը և գոհացաք ընդամենն անունով: Վաղը նույնը չի՞ սպասվում հանուրին, Չարենցի ասած՝  դարավոր ոսոխը չի՞ տիրելու ձեր պալատ-բերդերին, որոնք պաշտպան չունեն, զինվոր չունեն, արիների հաղթահասակ, կարծրաբազուկ փաղանգ չունեն… Դղյակներից մեկը, որի միայն սրբատաշ պարիսպը միլիոններ արժե, Զաքարյանի՞նն է, թե՞ Զախարյանինը: Չեմ կամեցել ճշտել՝ որ մեկինը, նրանը, ով հսկողությու՞ն պիտի իրականացնի, թե՞ մյուսինը, ով հաստատում է սրա-նրա ունեցվածքի իրավասությունը:  Այս պարագայում էական չէ: Ինչպես և էական չէ, թե որ նախագահի որերորդ որդունն է նախկին ցորենարտի տեղում կառուցված Փլեյսիթին՝ թե մեծերի ու թե մանկտոց ուտուշ-խմուշնոցով: Գիտեմ միայն, որ այնտեղ հողի բարեբեր շերտի հաստությունը մի քանի մետրի է հասնում՝՝ դարերի նստվածք ու բերվածք,  ինչն այլևս բետոնի, ասֆալտի տակ է:

Մաստարան իմ ծննդավայրն է: Պատմվածքներիցս որոշներում նրա սքող նկարագիրը կա: Ով ժամանակ, ցանկություն ունի, եթե գոնե թերթի՝ կիմանա, թե ինչպիսին է եղել շենը ժամանակին, որի մասնակի ավերքը դեռ պատանությանս տարիներին էր ակնառու: Հիմա Պոչիկ ձորն ընդամենը պոչամբար է՝ լի բարբարոս շահագործման հետևանք քարհանքի թափուկով՝ տակն առած խաչքարն ու մատուռը, մանկությանս հուշի ծվենները: Տերտերի ձորի ծառուտից բան չի մնացել, հեկտարաչափ հանրային ծիրաննոցը վաղուց չկա, որովհետև գյուղն առաջացել է՝ մտնելով Դուրան կոչվող դաշտը, որը շրջանում բերքատվությմամբ մշտապես առաջին տեղում էր՝ լինելով անջրդի: Ո՞վ, ի՞նչն է մղում գյուղին առաջ, ստիպում խորանալ հարթավայրում, երբ ծնունդը սակավ է, մի լղարիկ առաջին դասարան սեպտեմբերին հազիվ է հավաքվում՝ նախկին երկու-երեքի փոխարեն:

Մաստարայում իննսունի սկզբներին Երևան-Գյումրի մայրուղու եզրին Սողոմոն Թեհլերյանի հուշակոթողը կանգնեցվեց:  Մասնակցել եմ: Բազմություն կար, ելույթներ հնչեցին, կամավորների համազարկ եղավ: Թվում էր, երդմնատեղի էլ կմնա՝ գուրգուրանքի արժանի, սակայն լքյալ է, կառուցողը՝ Մոսկվայում: Լավ չէ՞ր քանդեին. թե չէին նսեմացնի վրիժառուին, ու թե չէր լինի խղճուկ վկան բանի, որ եղծանքը ոչ միայն մակերեսին է, այլև ներաշխարհում մարդկանց, ընդսմին՝ գրեթե համատարած…

Ես տանս մոտերքում գտնվածը, ծննդավայրում տեսածս տողեցի: Դուք մտաբերեք Ձեր հիշողության դաշտի դաջածոն: Հեռու չգնաք՝ ողջ Երևանի շուրջը նույնպիսի պատկեր է, քիչուշատ նույնն է այլուրեք:

Հիմա՝ կառավարողների մասին: Կան, չէ,՞ գործադիր իշխանություն՝ վարչապետով, նրա ենթակայության ներքո՝ քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը համակարգող նախարարություններ: Ո՞վ է պատասխանատու բարձիթողի վիճակի համար: Ասացեք՝ մեզ հող պետք չէ՞: Երկրին, նրա բնակչությանը, սերունդներին կերակրող հող: Այս կերպ սրընթաց ավերելով, վարելահողերի, պտղատու այգիների տեղում շինություններ բարձրացնելով, պարիսպների մեջ առնելով, ավերակելով ու աղբելով ինչի՞ ենք հետամուտ: Դուք, որ այդպես լուրջ-լուրջ նիստեր եք գումարում, երբեմն ասուլիսների մասնակցում, Ազգային ժողովի հարց ու պատասխանի օրերին թանկարժեք կոստյումներով, փողկապներով ամբիոնին մոտենում, ինչու՞ չեք անդրադառնում վերոնկարագրյալին: Մանրու՞ք է: Չարժե՞ ուշադրություն բևեռել: Մի՞թե հորիզոնը ձեզ այդքան լուսեղեն է ներկայանում, վստահ եք, որ վաղը, տասնամյակներ անց դարձյալ չենք մնա մեր ու ունեցածներիս հույսին, չեն դադարի թռիչքները, չի սակավանա երթուշարժը, մթերքի պակաս չի լինի այլևս: Մանավանդ հացի… Այդ ինչպե՞ս, ինչի՞ց է, որ վախ չունեք: Ամենևին չունեք: Իսկ Վազգեն Սարգսյանի «Խաղ» գրքում օրերս կարդացի. «Մեր փրկությունը նաև մեր հավաքական վախի մեջ է»: Հասկացա~. նա դա ասել է 1989-ի գարնանը: Այն ժամանակ դեռ անկախ չէինք, մինչդեռ հիմա… Բայց նույն հոդվածում նա այլ տողեր էլ է թողել, մասնավորապես. «Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռը կորցնելուց»: Առյուծասիրտ, փարսախներով հեռուն տեսնող Վազգենը միլիոն բանից էր վախենում, իսկ դուք՝ չէ: Իհարկե~: Ձերն ավանդույթին հավատարիմ մնալն է, անցյալում՝ Մաշտոցին, Վարդան զորավարին, հետո՝ Աղբյուր Սերոբին, Գևորգ Չաուշին, Անդրանիկին, Խրիմյան Հայրիկին, հիմա՝ Նժդեհին ու Վազգենին երեսանց սրբացնելը, անունն հիշատակելը, թաքուն ու թիկունքից՝ նրանց պատգամներին աքացի տալը, ոտք գցելը: Եթե սխալ եմ, եթե խնդիրը հուզում է, ինչու՞ ոչ մեկիդ դեմքին մի օր մտահոգություն չտեսա, ձայներումդ տագնապի, հույզի նշույլ չորսացի: Ասածս պիտի սփռեմ պատգամավորների ճնշող մասի վրա ևս: Չարենցի տողը մտաբերեցի. « Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով»: Տապարը, պիտի կարծել, գիտեք՝ կացինն է: Չփորձեք դատարան տանել ինձ կամ հոդվածն արևերես հանող լրատվամիջոցին: Ի սկզբանե հրապարակային ասում եմ՝ կոնկրետ անձի չի վերաբերվում արտահայտությունը: Ուղղակի Չարենց սիրում եմ, հատկապես «Տաղ անձնականը», ուրկից ընդամենը տող քաղեցի, իբրև սոխեռած, համեմունք գրոտանքիս: Իսկ եթե ինչ-որ մեկն հայելում իրեն տեսավ, մեղքն իմը, առավել ևս բառի, պատկերի անվրեպ վարպետինը չէ:

Շարունակեմ հարցերս, թեև պատասխանը ձեզնից լավ գիտեմ: Ասեք՝ ո՞վ պետք է ոչ միայն հսկի, այլև գիշերը ցերեկ արած հանրությանը նպատակաուղղի հողի՝ մայր հողի, սերունդների բաժին ու ապավեն հողի հանդեպ խոնարհումի, երկրպագության հասնող սիրո, հոգածության: Փայփայանքի արժանի, հազար ու հազար տարի մեզ, մարդուն կերակրած, ներած, բայց այլևս խռով ու վերջին պատառ հողի…

Վերջնեկ դուստրս մեկ տարի ապրել է Ֆինլանդիայում: Չմտածեք փախել էր կամ գնացել փող շինելու: Ոչ. անհատույց բարեգործության էր մեկնել՝ խնամելու մասնակի մտավոր, ֆիզիկական արատ ունեցողների, որովհետև այստեղ լեզուների նրա իմացությունը, պետհամալսարանի կարմիր կոչվող ավարտավկայականը ոչ մեկին պետք չէր, որովհետև երկու ամիս մատուցողուհի աշխատելուց հետո հասկացել էր, որ իրեն շահագործում են, այցելուներին՝ բազմակի կողոպտում: Գյուղում է ապրել, հասցրել ի մոտո ծանոթանալ ֆինների կենցաղին: Եթե անտառ չէ, ուրեմն՝ ոչ մի թիզ անօգտագործելի հող. խոտհարք է կամ՝ մշակովի դաշտ: Աղբի համար հատուկ տարողություններ կան, որտեղ բնակչությունն ինքնակամ տեսակավորելուց հետո լցնում է ավելցուկը, անօգտագործելին: Ես փողոցում ընտանի կենդանի, անտեր շուն չտեսա,-պատմում է: Ճանապարհներին ձմեռն աղ չեն ցանում, որպեսզի բնությանը վնաս չպատճառեն, բայց հասցնում են մաքրել, կամ նոր եկածի վրա խիճ են լցնում: Ու դա՝ Ֆինլանդիայում, որտեղ տարվա ինն ամիսը ձմեռ է,  նույնքան ամիս օրվա մեծ մասը՝ գիշեր: Հյուսիսային ցուրտ, ջրաշատ երկիր, որի տարածքը մեզնից 11,3 անգամ մեծ է /337 հազար քառ. կմ, բնակչությունը՝ 5 միլիոնից փոքր ինչ ավելի/: Ու տեսածը՝ գյուղում, որտեղ բոլոր տների փողոցահայաց մասում ծաղկանոց է, ետնամասում՝ խնամած այգի, որտեղ մեկ կովից տարեկան յոթ հազար լիտր կաթ են ստանում, անտառները լի են եղջերուներով, գետերը, լճերը՝ ձկներով, հատապտղի, սնկի, խոտի, ծառ ու թփի և հողի գերառատություն է: Այնտեղ չեն ավերում, պղծում, թունավորում հողը, ջուրը, դաժանաբար ոչնչացնում վայրի կենդանական, բուսական աշխարհը, բնությունն ընդհանրապես: Այո, իրենց բաժին, ի վերուստ ընծա  երկիրը չեն խոշտանգում, խառնշտում, աղբում, ավերակում, հոշոտում, հափռում… Այնտեղ իշխանավոր չկա, պաշտոն ստանձնածը սոսկ ժամանակավոր ծառայող է՝ գործիմաց պատասխանատու, հաշվետու հանրույթին:

Հունգարիայում, Գերմանիայում, Ավստրիայում տեսածիս մասին չեմ պատմի, քանզի, կարծում եմ, բերված թռուցիկ օրինակը բավարար է: Դուք, թերևս, ավելին եք տեսել, գիտեք:

Հուսա՞մ, որ մի օր կառավարությունում քննարկման կդրվի բարձրացրածս հարցը, համայնքային մարմիններին, իրավասու նախարարություններին կհանձնարարվի արգելել վարելահողերի գիշատիչ կլլումը, կկանխվի Շագրենի կաշվի պես կծկումը, երկիրը համատարած անօգտագործելի դարձնելը բացառող գործուն քայլեր կարվեն, նինջը կթոթափեն պատգամավորները, գոնե մինչև հերթական քառամյայի ավարտը կարթնանան թմբիրից, թե՞ կշարունակվի համընդհանուր իմիտացիոն գործընթացը, քանզի չընտրյալներն ու անգործունակներն ահասարսուռ գալիքը տեսնել ապակարող են, որովհետև պետասեփական ջիփերի, չաշխատասենյակների մգեցրած ապակիներից նրանց այլ կերպ է երևակվում հայոց խեղանդամվող աշխարհը, որն անգամ ինձ նմանները, մեծ ցանկության դեպքում անգամ, արդեն չեն սիրում, որովհետև… Լեզուս չի բռնում, ձեռքս չի զորում գրել բառը: Ներիր ինձ, Հայրենիք:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

արձակագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Ճիշտ ես, Արամ ջան…բայց …երբ իշխանության գլուխ է անցել մարտնչող տգիտությունը, զորբաությունը և ծրագրած դատարկում են երկիրը, դեռ երկար տարիներ կամ բնավ, ականջալուր չեն լինի բարձրացրածդ հարցերին…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930