Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի վիճակը «հարաբերական կայուն է»:
Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը Aravot.am-ին ասաց. «Հիվանդը Գորիսում վիրահատվել էր, հայտնաբերվել է աղիների հրազենային վնասում, եւ մեր հիվանդանոց է տեղափոխվել հարաբերական կայուն վիճակում: Տվյալ պահին վիրաբուժական միջամտության կարիք չկա; Կատարվում են վիրակապություններ»:
Պարոն Ռոստոմյանի խոսքերով, Ն. Աբրահամյանը վերակենդանացման բաժանմունքում կմնա եւս մեկ օր. «Հետո առողջական վիճակից պարզ կլինեն հետագա քայլերը: Ծանր է վիճակը, որովհետեւ որպես վնասվածք բավականին լուրջ վնասվածք է: Անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են, որ բարդություններ չունենանք»:
Նա ասաց, դեռ վաղ է խոսել, թե առողջության վտանգ սպառնացող ինչ հետեւանքներ կթողնի վնասվածքը. «Սպասում ենք, թե ինչպես կգործեն աղիները»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ն. Աբրահամյանը վիրավորվել է նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած կրակոցների արդյունքում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ