ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից 01.06.13թ., ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:
ՊՆ մամլո խոսնակը հայտնել է, որ նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՙհեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս՚ ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի և Ս.Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք:
Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Եվս մի վառ ապացույց, որ Հայկական բանակում ներքին կարգ ու կանոն չկա: Եվս մի վառ ապացույց, որ Հայկական բանակում ՉԿԱՆ գործող,էֆեկտիվ,անկախ,անկողմնակալ ներքին մեխանիզմներ,որոնց միջոցով զինվորները/զինվորականները իրենց ներքին հարցերն ու մտահոգությունները ՕՐԻՆԱԿԱՆ կերպով կարող են լուծել:
Հայկական բանակը ավելի շուտ նմանվում է բազարի.ամեն անգամ սա են ասում՝ վիճեցին ու կրակեցին իրար վրա: Իսկ ՈՐՏԵ՞Ղ են բանակի ղեկավարները: Բանակի գողական-բիզնեսմեն պարոնները փող են աշխատում. ժամանակ ու զահլա չունեն «ստից-մտից» ներքին կանոնակարգերի համար: Կարևորն այն է,որ իրենց սեփական երեխաները չեն զոհ դառնում: