Այսօր Վերահսկիչ պալատի հրավիրած նիստում քննարկվել է նաեւ գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման գործընթացի արդյունավետության եւ օրինականության նկատմամբ վերահսկողությունը:
«Հաշվետու ժամանակաշրջանում բազմաբնույթ թերություններ են արձանագրվել, որոնցից ավելի հատկանշական են ծավալային հավելագրումները, անորակ աշխատանքները, գների արհեստական թանկացումները, արհեստականորեն ուռճացված նախագծերը, ձեւական տրված փորձագիտական եզրակացությունները, անհասկանալի եւ արհեստական ուռճացված տոկոսադրույքները: Վերջին երեւույթը շատ ռիսկային է եւ հիմք է հանդիսանում այսպես կոչված ատկատների համար»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Պարոն Զաքարյանը նաեւ հրապարակեց այս տարվա պետական եւ համայնքային բյուջեներից շինարարության համար նախատեսված ծախսվող գումարները ու ասաց, որ ծախսվող գումարների վերաբերյալ վերջին անգամ ճշտումը կատարել են մայիսի 30-ին. «Պետական բյուջեով, վարկային, դրամաշնորհային միջոցներով եւ համայնքների բյուջեներով շինարարության համար ծախսվելու է 197 միլիարդ գումար , դրանից համայնքային բյուջեներին բաժին է հասնում 18 միլիարդը… Վերահսկիչ պալատը առաջարկում է ծախսային մասով 19 տոկոս կրճատել ավելորդ տոկոսները: Եթե սա վերածենք գումարի, ստացվում է 35 միլիարդ գումար: Տոկոսները, որ կիրառում են հասնում է 83 %: Խորապես համոզված ենք, ատկատները գալիս են հենց այս գումարներից, ավելորդ տոկոսներից: Հաճախ առանց հիմքերի, առանց տրամաբանության, նախարարի մեկ հրամանով վերադիր ծախսերը 5,3 %-ից դառնում են 13.5 %: Դպրոցներում, մանկապարտեզներում, գրադարաններում ցանկացած տեղ տեղադրում են եվրոպատուհաններ եւ դռներ, կիրառում են տոկոսներ, պահեստավորում, տեղափոխում, ինչ ասես գրում են, ուզում են ցույց տալ, որ դպրոցում տեղ չկա հատուկ տեղ են պատրաստում, փաթեթավորում, որ պահեստավորեն: Այս տոկոսները հնուց եկած նորմեր են, որոնք չեն փոխվել եւ որի համար ցավում եմ, որ չի փոխվել»:
Պարոն Զաքարյանն ասաց, որ իրենց առաջարկությունները նշված խնդիրների վերաբերյալ ներկայացրել են կառավարությանը եւ առաջիկա ամիսներին նշված խնդիրները կլուծվեն կառավարության համապատասխան որոշմամբ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ