Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու ծննդատուն էին այցելել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այստեղ նշում էին հետերկրաշարժյան 50 000-րդ երեխայի` Հայկի ծնունդը:
Ինչպես հայտարարեց Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, մարզպետն ու քաղաքապետը դատարկաձեռն չեն եկել ծննդատուն.երկու պաշտոնյաները միասին 100 000 դրամ նվիրեցին նորածին Հայկին, մարզպետը նաեւ մանկական սայլակ էր բերել իր հետ: 100 000 դրամ էլ այս երեխային իր կողմից ուղարկել էր Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Շիրակի մարզպետը իր ելույթի մեջ մի ուշագրավ փաստ ներկայացրեց. «Ժամանակին Սովետմիության հայտնի ղեկավարներից մեկ, դուք գիտեք ում մասին է խոսքը, ասում են, երբ գնում էր գործարան, գործարանում աշխատողներին հարցեր էր տալիս, երբ հայ բանվորի էր հանդիպում, հարցնում էր` ո՞նց ես աշխատում, պլանները ո՞նց ես կատարում, ի՞նչ առաջադիմություն ունես աշխատանքային եւ այլն, եւ այլն, իսկ ադրբեջանցու հանդիպելիս, ասում էր` քանի՞ երեխա ունես: Քանիսը ունենար, ասում էր` քիչ է, եւ դրանից է, որ էսօր իրանք շատանում են, իսկ մենք տեղում դոփում ենք»:
Մարզպետը հորդորեց ծծնդաբերության ի վիճակի մայրերին նոր զավակներ ունենալ: Ի դեպ, փոքրիկ Հայկի ընտանքին «Անի տուր» տուրիստական ընկերությունը նվիրեց ուղետոմս Արեւտյան Հայաստանի պատմական վայրեր` Կարս, Անի, Էրզրում, Վան եւ Վանա լիճ: Այս նվերը մեկնաբանվեց փոքրիկ Հայկի մեջ առաջին օրվանից հայրենասիրություն դաստիարակելու անհրաժեշտությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ