«Տղաներով շենքի տանիքներին հետախուզություն էինք անցկացնում, փորփրում էինք, քանդում: Եվ առհասարակ մենք ամեն օր հետաքրքիր բաներ էինք կազմակերպում»,- պատմում է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը: Հավելում է. «Մեր մանկությունը մութ ու ցուրտ տարիների հետ է համընկնել, այնքան էլ լավ պայմաններ չկային, բայց մենք միշտ փորձում էինք ուրախանալ ու հետաքրքիր բաներ էինք մտածում»: Նրա խոսքով՝ խելոք, հանգիստ և հասկացող երեխա է եղել: Մանկության սիրած խաղերից առանձնացնում է 7 քարը, պահմտոցին, իսկ սիրած մուլտերից ՝ «Tom and Jerry»-ին, «Ну погоди-ն», Դիսնեյի մուլտերը. «Այն ժամանակ լայն ընտրություն չկար, այսօրվա պես համակարգչով չէինք կարող մուլտեր գտնել ու դիտել, ինչ ցույց էի տալիս, այն էլ դիտում էինք, սակայն տվյալ մուլտերը ես շատ-շատ էի սիրում»,-ասում է նա: Դերասանն իր մանկության ընկերներից մի քանիսի հետ երբեմն հանդիպում է և հիշում անցած օրերը: Աշոտ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ այսօր երեխաների համար ավելի լավ պայմաններ են ստեղծված, սակայն նրանք այնքան էլ «մանկություն չունեն»: «Երեխաներն ամբողջ օրն անցկացնում են համակարգչի առաջ ՝ համացանցում, գրեթե բակ չեն իջնում: Նույնիսկ 2 տարեկան երեխան է համակարգչից անբաժան: Նրանց համար հետաքրքիրը դա է»:
Աշոտն այօսր հասցրել է ուրախացնել աղջկան. «Առավոտյան շնորհավորել եմ նրան՝ փուչիկներով ու փափուկ խաղալիքով: Եթե ժամանակս թույլ տա, նրա հետ անպայման կնշեմ օրը» (մեզ հետ զրույցից հետո Աշոտը շտապեց նկարահանման հրապարակ-հեղինակ):
Նա հիշում է՝ իր մանկության տարիներին ևս նշում էին տոնը. «Ճիշտ է այսօրվա պես մեծամասշտաբ չէր, սակայն ծնողները մեզ տանում էին Մոնումենտ, Մանկական երկաթուղի, գազանանոց և այլն»:
Երեխաներ պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Աշոտը շնորհավորում է բոլոր մանուկներին. «Թող որ միշտ լինեն երջանիկ, ուրախ, առողջ, իսկ պայմաններն ավելի լավ»:
Նազենի Բաղդասարյան