Չնայած դատարանի ` օրենքի ուժ ստացած վճռին` վանաձորցիները կարծում են, որ կազմակերպությունը դեմ է քաղաքում ֆուտբոլի զարգացմանը
Այսօր մի քանի տասնյակ վանաձորցիներ, մեծամասամբ երեխաներ, բողոքի ցույց էին կազմակերպել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոտ: «Ոչ Սաքունցին. այո մանկապատանեկան ֆուտբոլին», «Կեցցե ֆուտբոլը» եւ այլ պաստառներով ու «Մի՛ խոչընդոտեք մեր ֆուտբոլ խաղալուն», «Ոչ անբարոյականությանը» եւ այլ արտահայտությություններով նրանք իրենց բողոքն էին արտահայտում կազմակերպության հանդեպ: Ըստ նրանց` կազմակերպությունը խոչընդոտում է Վանաձորում ֆուտբոլի ակադեմիա հիմնելուն:
Կարդացեք նաև
Շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան Վանաձորում նախատեսում է ֆուտբոլի ակադեմիա ստեղծել:
Այս լուրը թե ոգեւորել , թե անհանգստացրել է վանաձորցիներին: Նրանք հիշել են, որ տարիներ առաջ «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու կայացրած որոշումների:
Համայնքի ավագանին իր կայացրած որոշումներով Վանաձոր համայնքի սեփականություն հանադիսացող 43937. 2 քմ մակերեսով հողամասը՝ մարզական համալիր կառուցելու նպատակով, անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրել է Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիային: Նույն որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով անհատույց մշտական օգտագործման է տրվել նաեւ քաղաքի սեփականություն համարվող 6954. 0 մակերեսով հողամասը՝ պայմանով, որ նշված հողամասերի վրա կառուցվելիք շենք-շինությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունն են համարվելու, ինչի արդյունքում, ըստ կազմակերպության, խախտվում է համայնքի բնակիչների՝ համայնքային սեփականության իրավունքը. նրանք զրկվել են համայնքային հողամասերից, քանի որ Վանաձորի մարզադաշտն ու շուրջ 44 հազար քմ մակերեսով հողամասը այլեւս քաղաքի սեփականությունը չեն:
Ի պատասխան ցուցարարների` ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, ըստ որի` վանաձորցիների բողոքն անհիմն ու իրավազուրկ է,մանավանդ այն դեպքում, երբ դատարանը կազմակերպության հայցը մերժել է:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ