Այսօր «Միկա» մարզահամալիրում ողջունելով Երեխաների միջազգային օրվա առիթով «Մենք ապագա օլիմպիականներն ենք» տոնահանդեսի ներկաներին՝ միջոցառման կազմակերպիչ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հատուկ կարեւորեց նաեւ մարզերի, հատկապես, սահմանամերձ գյուղերի երեխաների համար հավասար պայմաններ ապահովելը:
«Ես հանձնարարել եմ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ամառային արձակուրդների ամբողջ ընթացքում՝ մինչեւ օգոստոսի վերջ, սահմանամերձ բոլոր գյուղերում հատուկ երեխաների համար միջոցառումներ կազմակերպել: Մենք լուրջ ուշադրության ենք արժանացնելու նրանց, պետք է հավասար պայմաններ լինեն նրանց եւ քաղաքաբնակ իրենց հասակակիցների միջեւ, որպեսզի նրանք չընկճվեն, չհիասթափվեն ու չլքեն իրենց բնակավայրերը: Սահմանամերձ գյուղերում, հարեւան երկրի խրամատներից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ապրող երեխաները մեր վաղվա զինվորներն են եւ հրամանատարները, գիտնականները եւ մանկավարժները, նրանք մեր ապագա օլիմպիական չեմպիոններն են», – ասաց Գագիկ Ծառուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ