Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երեխաներին շատ-շատ եմ սիրում». Չարենց

Հունիս 01,2013 18:20

«6 տարեկան էի: Գնացել էի գյուղ՝ տատիկիս և պապիկիս այցելության: Պապս որսորդ էր, ով ինձ կրակել էր սովորեցրել: Մի փոքր հրացան ուներ, որն անվնաս էր: Հիշում եմ. մի օր , երբ նրանք տանը չէին, և ես այնտեղ մենակ էի, վերցրեցի այդ հրացանը և դրանով կրակեցի մեր բակի հավերին: Հորեղբայրս եկավ, ասեց՝ լավ ես արել, որովհետև, բնականաբար, մենք հավերի միսը չէինք թափելու, «քեֆ արեցինք», բայց ես այդ պատճառով մի լավ ծեծ կերա»,-պատմում է «Վիտամին ակումբի» անդամներից Չարենցը (Կարեն Սահակյանը): Իր խոսքով՝ նա չարաճճի երեխա է եղել, բայց քանի որ ընտանիքի միակ զավակն էր, հազվադեպ էր պատժվում. «Ինձ ավելի շատ երես էին տալիս»,-ասում է նա:

Չարենցի խոսքով՝ անհոգ և պայծառ մանկություն է ունեցել: Մեր հարցին, թե արդյոք կցանկանար վերադառնալ այդ տարիները, պատասխանում է՝ այո. «Երեխաններն անհոգ են ապրում, քանի որ շատ բան չեն հասկանում, չեն ճաշակում կյանքի դառնությունները»: Ըստ նրա՝ երեխաների պայմաններն այսօր ավելի լավ են, սակայն նրանք ավելի շատ նախընտրում են համակարգչով զբաղվել և չեն ճաշակում մանկության քաղցրությունը. «Այսօր ինֆորմացիան շատ-շատ է: Համացանցում կան բազում խաղեր և այլն, իսկ մեր ժամանակ ամեն երեխայի զբաղմունքը գիրքն էր»,-ասում է նա: Չարենցը, սակայն այն կարծիքին է, որ երեխաները պետք է դուրս գան բակ, խաղան միմյանց հետ, ինչու՞ չէ նաև կռվեն. «Ո՞նց կարող է՝ մարդ առաջին անգամ 18 տարեկանում կռիվ անի»,-զարմանում է նա: Հավելում է. «Երեխաները, բակ չիջնելով, միմյանց հետ չշփվելով, սառն են մեծանում. չէ՞ որ մարդկանց այլ կերպ են վերաբերվում, համակարգչին այլ: Դա մի ուրիշ դաստիարակություն է, երեխաները կոփվում են»:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Չարենցը շնորհավորում է բոլոր մանուկներին ու հղում իր բարեմաղթանքները. «Ես երեխաներին շատ-շատ եմ սիրում: Ուզում եմ պայծառ ու լավ ապրեն: Այսօր երեխաների թվաքանակը նվազում է, ինքս բակում շատ քիչ երեխաների եմ տեսնում: Երևի պատճառներից մեկը արտագաղթն է: Ուզում եմ, որ նրանք շատանան, նրանց համար լավ պայմաններ ստեղծվեն, խաղահրապարակները շատանան և այլն: Թող որ քաղցր մանկություն ունենան, քանի որ նրանք են մեր երկրի ապագան»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930