Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերների գործով» ցուցմունք տվեց բերման ենթարկվածը

Հունիս 01,2013 18:10

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ոստիկանության աշխատակիցներ Խաչիկ Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները մեղադրվում են Կենտրոնի բաժնում Ռոբերտ Հովսեփյանին բռնության ենթարկելու եւ պաշտոնական կեղծիք թույլ տալու համար: Այսօր դատարան էր ներկայացել անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին ոստիկանության Կենտրոնի բաժին այս գործով տուժողի՝ Ռոբերտ Հովսեփյանի հետ բերման ենթարկված հինգ հոգուց մեկը`Վահան Թորոսյանը:

Նա տաքսու վարորդ է աշխատել, չնայած հաշվառված է եղել Ավանի դիսպանսերում:

Դատարանում վկան հայտնեց, որ այդ օրը մեքենայի գրանցման հետ կապված սննդի օբյեկտներից մեկում նշելիս են եղել, խմել է, երբ իրենց ուշացումով միացել է Ռոբերտը:

Հետո իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցներ, ներկայացել են եւ «սովորականի պես» հրավիրել են բաժին:

Ըստ այս վկայի ցերեկ էր եւ իրեն պահել են մոտ երեք ժամ:

Այն հարցին, թե բռնություն գործադրվե՞լ է իր նկատմամբ, վկան ասաց, որ ոչ, իսկ մյուսների նկատմամբ բռնություն կիրառվե՞լ է հարցին էլ, պատասխանեց`քեֆը լավ է եղել, ոչինչ չի հիշում, բայց կապտուկներ Ռոբերտի վրա չի տեսել:

Վկայի դատարանում տված ցուցմունքի եւ նախաքննության ժամանակ տվածի միւջեւ հակասություններ նկատվեցին:

Նախաքննության ժամանակ այս վկան հայտնել էր, որ վեցից յոթ հոգով «թափվել են» իրենց վրա, ձեռքերը ոլորել են, գիշերվա տասնմեկին տարել են ոստիկանության բաժին եւ պահել մինչ առավոտ: Նրանք պահանջել են, որ իրենք խոստովանեն, որ գողություն են կատարել: Մեկ այլ հակասություն էլ կապված էր իր ցուցմունքի հետ.վկան հայտնել էր, թե  քննիչը ձեռագրով գրել է իր ցուցմունքը, իսկ դատարանում պարզվեց, որ այն տպագիր շարվածքով է:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 7-ին:

Դատարանին, եթե հաջողվի գտնել այս գործով տուժողի հետ ոստիկանության բաժին բերման ենթարկվածներից Քերոբ Սերոբյանին , ապա նա կտա ցուցմունք: Եթե չհաջողվի այս անգամ էլ, հավանաբար, հրապարկվեն նրա նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները, ապա անցնեն ամբաստանյալների ցուցմունքներին եւ հարցաքննությանը:

Պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց, դատարան հրավիրել դատաբժշկական փորձագետին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարում Լիպարիտ Սիմոնյանն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930