Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Երեւանի նախադպրոցական կրթական հաստատությունների սաների համար մարզական-թատերական մեծ տոնահանդես էր կազմակերպել «Միկա» մարզահամալիրում՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք» նշանաբանով:
ՀԱՕԿ-ի նախագահի հետ միասին մանուկների պայքարով հիանալու եկել էին տարբեր տարիների մեր օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները:
Ցուցադրական ելույթ ունեցան գեղասահորդները (անվավոր չմուշկներով), մարմնամարզիկները, ակրոբատները, մանկական տարբեր համույթներ: Այնուհետեւ դահլիճը տրամադրվեց մայրաքաղաքի 12 վարչական միավորների մանկապարտեզների սաներին, որոնք մրցեցին հինգ մարզաձեւերից: Սակայն պայքարի ավարտին պարտվողներ չեղան: Հաղթեցին բոլորը: Մրցումների ավարտին ՀԱՕԿ-ը մասնակցած բոլոր երեխաներին պարգեւատրեց հավաստագրով ու նվերներով, իսկ յուրաքանչյուր մանկապարտեզ ստացավ արժեքավոր մրցանակ՝ տնային կինոթատրոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ