Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:
Ժամը 16:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան 7 շենքի բակում դարն ապրած ծառը քամուց ընկել է բակում կայանված BMW մակնիշի՝ 15 ՕՏ 906 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Նշված վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենայում ոչ ոք չի եղել, երեխաներն էլ բակում չեն եղել, քանի որ նշված հատվածը երեխաների համար օգտագործվում է որպես խաղահրապարակ: Ծառի ոչ պիտանի լինելու մասին բնակիչները բազմաթիվ անգամ դիմել են պատկան մարմիններին, սակայն «չինովնիկները» «ուղտի ականջում քնած են եղել», եւ եթե օպերատիվորեն արձագանքեին բնակիչների նամակներին, ապա այսօրվա դեպքը տեղի չէր ունենա: Ավտոմեքենան ապահովագրված է, իսկ թե ով է փոխհատուցելու վնասը՝ պարզ չէ: Արդեն ժամանում են ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ խումբը, որպեսզի շրջված ծառը մասնատվի եւ այն տեղափոխվի: