Այս տարի ավարտական եւ միասնական քննությունների անցկացման համար Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում 36 քննական կենտրոն է բացվել:
Այսօր «Ռուսաց լեզու» առարկայից քննությամբ մեկնարկեցին միասնական քննությունները:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, շրջեց քննասենյակներում, զրույցի բռնվեց դիմորդներից մի քանիսի հետ, այնուհետեւ հորդորեց բոլորին չհուզվել` մաղթելով հաջողություն: Աշոտյանը հույս հայտնեց, որ այս տարի եւս քննությունները կանցնեն նույնքան խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում, որքան նախորդ տարի:
Վերջինս անդրադառնալով դիմորդների թվին ասաց, որ այս տարի նկատվել է դիմորդների թվի նվազեցում, որն ըստ նախարարի` պայմանավորված է երկու հանգամանքով. «Առաջինն այն է, որ նախորդ տարվանից 50 տոկոսով ավելացել են ուսումնարաններում եւ քոլեջներում անվճար տեղերը ու նաեւ այս հաստատություններում վերացան ընդունելության քննությունները եւ այժմ ընդունվում են ատեստատի հանրագումարի միջոցով»:
Կարդացեք նաև
Աշոտյանը նշեց, որ բուհական համակարգում մրցակցությունը նոր ձեւեր է ստանում, եւ պետությունն իրականում շահագրգիռ է` մրցակցության շնորհիվ կրթության որակի բարելավման հարցում. «Երկար տարիներ խոսվում է, որ աշխատաշուկայում առկա է պահանջարկ` միջին մասնագիտական կրթությամբ աշխատողների, մինչդեռ զուգահեռ կա գերհագեցած բարձրագույն կրթությամբ մասնագետների շուկա: Այսինքն` աստիճանաբար կատարվում է մարդկային հոսքերի վերաբաշխում, եւ պետության քաղաքականությունը` խթանել միջին մասնագիտական կրթությունը, իր արդյունքն արդեն տալիս է: Եվ երկրորդ, այս տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանն իրականացնում է նաեւ բակալավրիական կրթություն, եւ դիմորդների մի զգալի մաս նախապատվությունը տվել է վերոնշյալ բուհին»,-ընդգծեց նախարարը:
Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններում վարձավճարի բարձրացմանը, մեզ հետ առանձնազրույցում պարոն Աշոտյանն ասաց, որ բարձրացումը պարզապես անհրաժեշտություն էր. «Եթե կրթության որակ ենք ակնկալում, ապա կրթությունը չի կարող լինել էժան: Նախարությունը 4 տարի բուհերում բանակցել է, որ չբարձրացնեն ուսման վարձը, բայց գալիս է մի պահ, երբ բուհերը կանգնում են հետեւյալ խնդրի առջեւ: Գումար չունեն ոչ միայն աշխատավարձը բարձրացնելու, այլեւ որակ ապահովելու»:
Նախարարի խոսքով` 20-%-ով բարձրացումը կնպաստի աշխատավարձերի բարձրացմանը, իսկ բարձրացումն էլ կպահանջի որակյալ ուսուցում եւ դասախոսը համեմատաբար ավելի քիչ կախվածություն կունենա քան նախկինում, հնարավորինս նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:
Հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 4-ին` «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ