Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորգագործությունը պետք է լինի պետության հատուկ ուշադրության տակ».Աշխունջ Պողոսյան

Հունիս 01,2013 15:20

Պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով հայկական գորգագիտությանը, ասաց, որ շուրջ 150 տարի առաջ թուրքերը սկսել են հայկական գորգագործության յուրացման գործընթացը. «Սկզբում սկսեցին թուրքերը, քանի որ, եթե ազգ է, ապա պետք է ունենար պատմամշակութային արժեքներ:  Մշակութային շղարշ ունենալու համար փորձում էին գողանալ հայերի եւ հույների  մշակույթը: Եվրոպական արեւելագետների կողմից ստեղծվեց սելջուկյան գորգը, որն էլ 20 -ական թվականներից սկսեց լայն տարածում ունենալ»:

Ըստ բանախոսի` սա միանշանակ դրական ազդեցություն ուներ թե’ թուրքերի, եւ թե’ ադրբեջանցիների համար, մինչդեռ բացասական էր մեր` հայերիս համար. «Մենք պետք է մտածենք այս մասին եւ վերջին 25  տարին գրեթե չենք մտածում: Մենք ինքներս պարտավոր ենք տեր կանգնելու մեր մշակութային արժեքները, որն ունեցել ենք հազարամյակներ շարունակ: Գորգագործությունը պետք է լինի հատուկ պետության ուշադրության տակ, մինչդեռ մենք չունենք որեւէ ֆակուլտետ, որտեղ կսովորեցնեն գորգագործություն»,-ընդգծեց Պողոսյանը:

«Մեգերյան կարպետ» կազմակերպության կոմերցիոն եւ արտադրության գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի փոխանցմամբ` ընկերությունը միակն է, որը ներկայացնում է հայկական գորգեր: «Տարին  երկու անգամ ԱՄՆ-ի Լափլատա քաղաքում եւ  Գերմանիայի Դաշնության Համբուրգ քաղաքում աշխարհի տարբեր գորգ արտադրող  ֆիրմաներ ներկայացնում են իրենց գորգերը, որին մասնակցում ենք նաեւ մենք` ներկայացնելով հայկական գորգը»:

Բանախոսի խոսքով` ոչ մի ցուցադրություն-վաճառքի ընթացքում երբեւէ ադրբեջանական գորգի չի հանդիպել, իսկ առարկություններ եւ դժգոհություններ եղել են Թուրքիայից` հայկական գորգերը շուկա հանելու վերաբերյալ. «Շուկայում մրցակցությամբ մենք կարողացել ենք ճնշել  թուրքական գորգարտադրությանը եւ մրցակցությունը տանել նորմալ ճանապարհով:  Հայկական գորգերը շուկայում այսօր նորմալ մրցակցության մեջ  են: Մինչեւ 2009 թվականի ճգնաժամը մենք տարեկան արտահանել ենք 15 հազար քմ գորգ միայն ԱՄՆ: Ճգնաժամից հետո արտադրական ծավալները փոքրացրինք»:

«Մեգերյան կարպետ» կազմակերպության մարկետինգի գծով տնօրեն  Հայկ Այվազյանը հավելեց, որ սա լավ հնարավորություն է տալիս հայակական գորգը ճանաչելու.«Որքան ժամանակն անցնի, այնքան մեր հայկական ձեռագործ գորգերը լայն ճանաչում կունենան: Առաջ հայկական գորգը ճանաչում էին միայն մասնագետները, իսկ հասարակ մարդկանց համար ճանաչելի չէր եւ ճանաչումը պետք է արվի, թե’ ներսում, եւ թե’ դրսում»:

Այվազյանը նշեց նաեւ, որ այսօր չունենք հայկական գորգերի համար նախատեսված առանձին թանգարան, սակայն որոշակի քայլեր այնուամենայնիվ իրականացվում են. «Վերջերս Պատմության թանգարանում բացվեց առանձին բաժին` նվիրված հայկական գորգերին»:

Ինչ վերաբերում է  ներկա պահանջների  արդյունքում գորգարտադրության որոշակի փոփոխմանը, պարոն Անդրեասյանը ասաց. «Հայկական գորգերը իրենց գույներով եւ դիզայնով որեւէ փոփոխման չեն ենթարկվել: Մենք ցանկանում ենք անցնել սկզբնաղբյուրին` պահելով նույնատիպությունը, սակայն 100% նույնությամբ, նույն երանգներով ստանալ չենք կարող»:

Պողոսյանն էլ հավելեց, որ հայկական գորգերում օգտագործվող հիմնական գույները կարմիր, կապույտ, սպիտակ եւ կանաչի երանգներն են. «Հայկական գորգերը բնորոշվում են նաեւ գունային երանգներով,   գեղազարդման համակարգի առանձնահատկություններով եւ երրորդը`  գորգերում արված նախշերում եւ զարդերում կա ոճաբանություն. իրենց մեջ իմաստ են պարունակում»:

Վերջինիս փոխանցմամբ` նոյեմբերի 20-22-ին Մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանում կազմակերպվելու է  Հայոց գորգագործական  մշակույթին նվիրված միջազգային գիտաժողով:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930