Մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը ասուլիսը սկսեց ուրախ ու հուսադրող նոտայով:
«Արդեն երեք տարի է, չորորրդ տարին շուտով կլրանա, ինչ մենք Ղ.Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա ստեղծում ենք 85 րոպեանոց անիմացիոն ֆիլմ: Հայաստանում այդպիսի մասշտաբով ֆիլմ դեռ չի արվել: Լինելու է հեքիաթ, լինելու է հայերեն, եւ երեխաները կզգան, որ իրենց համար արվում է աշխատանք եւ արվում է այստեղ»,- նշեց ռեժիսորը ու հավելեց, որ ֆիլմի ստեղծումը իրենցից մեծ ջանքեր է պահանջում:
Ըստ Դ. Սահակյանցի, ինչպես անցած տարի, այս տարի եւս Հայաստանը կմասնակցի Ֆրանսիայի Անսի քաղաքում ամեն տարի անցկացվող ու մեծ հռչակ վայելող անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին: «Մենք փորձելու ենք վաճառել Հայաստանում առաջին 3D տեխնալոգիաներով ստեղծված 7 րոպեանոց կարճամետրաժ «Քվանտումային թռիչք» ֆիլմը: Արդեն պայմանավորվածություն կա Ռուսաստանի հետ, հիմա էդ ամեն ինչը կփորձենք նաեւ ներկայացնել եվրոպացի պրոդյուսերներին»,- նշեց մուլտիպլիկատորը:
Դավիթ Սահակյանցն իր անհամաձայնությունը հայտնեց այն տարածված կարծիքի հետ, որ Հայաստանում անիմացիոն ֆիլմեր չեն ստեղծվում, եւ չկան բավարար քանակով ոլորտի մասնագետներ: «Հայկական անիմացիան միանշանակ վերելք է ապրում: Նախ ստեղծվում են բազմաթիվ, բազմաժանր ֆիլմեր, եւ անցյալի հետ համեմատ՝ այսօր Հայաստանում ավելի շատ մասնագետներ կան: Շատ ավելի հետաքրքիր մտահղացումներ կան: Ես խոսում եմ մի քանի գործող խմբերի մասին, որոնք կան Հայաաստանում եւ մեր ստուդիայի մասին»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը բանախոսից հետքրքրվեց, թե անիմացիոն ֆիլմ ստեղծելու ժամանակ հաշվի՞ են առնվում երեխաների հոգեբանությունն ու պահանջները: «Մենք՝ որպես նշաձող, վերցնում ենք հենց մեր երեխաներին: Նրանց հետ շփվում ենք, երեխաների հետ կիսվում ենք, ինչ-որ բաներ ցույց ենք տալիս: Մենք չունենք այդ մշակույթն ու դպրոցը, որ հոգեբանների հետ նստենք, մշակենք կոնկրետ մտահղացումներ: Մենք ավելի շատ վստահում ենք մեր գիտելիքներին ու շփվելով մեր երեխաների հետ՝ փորձում ենք հասկանալ՝ ոնց կարելի է անել այս կամ այն տեսարանը կամ ֆիլմը»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ