Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում, հյուրընկալել է ֆենոմենալ հիշողությամբ օժտված ութամյա Սիմոն Հարությունյանին: Փոքրիկն անձամբ էր դիմել քաղաքապետին ընդունելության խնդրանքով:
Քաղաքապետարանը նկատում է, որ Սիմոն Հարությունյանը օժտված է առանձնահատուկ հիշողությամբ, ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները, նաեւ պատասխանում է տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ 200 հարցերի: Սիմոնը իր կարողությունների շնորհիվ արդեն իսկ գրանցված է հայկական դյուցազնագրքում:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ խնդրանքը չմերժելու եւ ջերմ ընդունելության համար, Սիմոն Հարությունյանի հայրը` Լեւոն Հարությունյանը, խոստացել է, որ իրենց կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի Սիմոնը միշտ բարձր պահի Երեւանի պատիվը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով փոքրիկին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել է նրան անհոգ մանկություն ու նորանոր ձեռքբերումներ: Քաղաքապետը նաեւ նվերներ է հանձնել փոքրիկին: