Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման ծրագրերի միջոցով դրսում կարող են ծանոթանալ հայկական հեքիաթներին, մշակույթին». «Անահիտ» ինտերակտիվ հեքիաթի մասին

Հունիս 01,2013 13:12

  Ղազարոս Աղայանի «Անահիտը»  առաջին հայկական ինտերակտիվ  հեքիաթն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին եւ 2-ին կարելի է ձեռք բերել նրա բոլոր հավելվածներն անվճար: «Ամենահեքիաթային» այս օրվա առթիվ խոսեցինք բոլոր ժամանակների ամենագեղեցիկ եւ շատ երեխաների կողմից սիրված հեքիաթի ինտերակտիվ տարբերակի համահեղինակ Վահրամ Գեւորգյանի հետ,  ծանոթացանք հայկական ինտերակտիվ հեքիաթի մասին դրսի արձագանքներին, իմացանք  ծրագրավորողի «կատարյալ մանկության» մասին պատկերացումների մասին 😉 :

Հունվար ամսից  արդեն ունենք մեր առաջին ինտերակտիվ հեքիաթը: Ինչպե՞ս ընդունվեց առաջին հայկականը մեզ մոտ:

Ընդունվեց դրական: ճիշտ է, ինչպես ցանկացած նորություն, սա էլ ժամանակ է պահանջում  ամբողջովին ընդունվելու համար: Բայց արձագանքները բավական շատ են ու դրական:

«Անահիտը» Ձեր ամենասիրելի հեքիաթն է: Կարծում եմ՝ միայն դա չէ պատճառը, որ հենց այդ հեքիաթն եք ընտրել առաջին հայկական հավելվածը պատրաստելու համար: Մի քանի այլ պատճառներ էլ կնշե՞ք:

Այո, «Անահիտ» հեքիաթը շատ եմ սիրել դեռ մանկուց: Այս հեքիաթը ընտրելու մյուս պատճառն այն է, որ այն շատ ուսուցանող է. անկախ քո դիրքից,  կյանքում կարեւոր է որեւէ այլ բանի տիրապետելը, օրինակ՝ արհեստի:  Տեսնում ենք ՝ հեքիաթում թագավորի կյանքը փրկեց արհեստը:

Դուք երեւի ավելի վաղ տարիքում, նկատի ունեմ՝ մանկության տարիներին, հեքիաթներին «առնչվել եք» գրքի միջոցով: Հիմա արդեն նորագույն տեխնոլոգիաները նոր պայմաններ են թելադրում: Ձեր կարծիքով՝ ինտերակտիվ «Անահիտը» կնպաստի՞, որ երեխաները հեքիաթը կարդան, թե սա ճանապարհ է, որ «չկարդացող» երեխաները այս կերպ ծանոթանան գործին:

Ես չեմ ստեղծել մի բան, որ փոխարինի գրքին: Կարծում եմ՝ ոչինչ չի կարող փոխարինել հենց գիրք կոչվածին: Պարզապես ստեղծել եմ ալտերնատիվ, որը թույլ է տալիս եւ՛ կարդալ, եւ՛ միաժամանակ զգալ հեքիաթի մի մասին, լսել երաժշտություն, խաղալ: Այսպիսով կարծում եմ՝ այն կկարդան գիրք սիրողները եւ հույս ունեմ՝  հեքիաթին կծանոթանան նաեւ «կարդալ չսիրողները»:

 Հեքիաթում կան հայկական ատրիբուտներ՝ քոչարի, գորգ եւ այլն: Որքանո՞վ է հավանական, որ սա կտարածվի նաեւ աշխարհում եւ նաեւ այս հավելվածով դրսում կծանոթանան մեր մշակույթին:

Արդեն տարբեր երկրներից այն բեռնվել է, եւ ստացել եմ բավական դրական արձագանքներ արտասահմանցիների կողմից եւս: Կարծում եմ,  այո՛, նաեւ նման ծրագրերի միջոցով  դրսում կարող են ծանոթանալ հայկական հեքիաթներին, ինչու՞ չէ՝ նաեւ հայկական մշակույթին:

Բազմաթիվ ջանքեր եւ տեխնոլոգիաներ են օգտագործվել այս հավելվածում, պակասում է ձայն, նախատեսո՞ւմ եք մյուս Ձեր կողմից ապագայում պատրաստված հեքիաթում ձայն էլ ստեղծել:

Վեց ձայն արդեն առկա է՝ հայերեն եւ անգլերեն լեզուների համար: Ի դեպ, անգլերենը բրիտանացի մի կին է կարդացել, ով, հեքիաթը կարդալով, կամավոր համաձայնվել է: Առաջին անգամ այդ հեքիաթի միջոցով է ծանոթացել Հայաստանին: Իսկ ռուսերենը երկու տարբերակ փորձեցի, բայց հարմար չեղավ, որոշեցի, որ պետք է հենց ռուսախոս մարդ կարդա՝ Ռուսաստանում ապրող: Հիմա ձայնը առկա է հայերեն եւ անգլերեն լեզուների համար:

Այսօր Երեխաների պաշտպանության օրն է. ի՞նչ եք մաղթում մանուկներին եւ ըստ Ձեզ՝ ո՞րն է մանկության կատարյալ տարբերակը:

Երեխաներին մաղթում եմ երջանիկ մանկություն, լի երազանքներով եւ դրանք իրականացման նկատմամբ մեծ հավատով: Ճիշտն ասած, չգիտեմ՝ ո՞րն է կատարյալ մանկությունը…Բայց կարծում եմ՝ ամենալավ մանկությունը այն է, երբ շրջապատված ես սիրով եւ երջանիկ ես…. Եւ տարիներ հետո մանկությունը հիշում ես որպես մի բարի հեքիաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930