Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատվիրակը բավականին զվարճացրել է Եվրապառլամենտի ներկայացուցիչներին

Հունիս 01,2013 12:55

«Եվրանեսթի» հաջորդ լիագումար նիստը կլինի Երեւանում

Մայիսի 26-30-ը Բրյուսելում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 3-րդ լիագումար նիստը, որին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը՝ տասն անդամով: Հիշեցնենք, որ «Եվրանեսթը» բազմակողմանի խորհրդարանական համագործակցության հարթակ է, Եվրոպական խորհրդարանը եւ Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները միավորող կառույց, որին անդամակցում են Արեւելյան գործընկերության բոլոր երկրները՝ բացառությամբ Բելառուսի: «Եվրանեսթում» քննարկում են մարդու իրավունքներին, տնտեսությանը, էներգետիկ անվտանգությանն ու մշակույթին վերաբերող հարցեր՝ մերձեցնելով եվրոպական մեծ ընտանիքի հետ Արեւելյան գործընկերության երկրների շփումները: Այս համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ պետք է նաեւ վիզային ռեժիմը մեղմացվի:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Հովհաննես Սահակյանն ասաց, որ ամենակարեւոր հարցը, որը մեր պատվիրակները կարողացել են լուծել այս լիագումար նիստի ժամանակ, այն է, որ հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա Հայաստանում՝ 2014 թվականի աշնանը: «Դա եւս մեկ հարթակ է, որտեղ մենք կարող ենք մեր ձայնը լսելի դարձնել, մեր տեսակետները բարձրաձայնել շփումների ընթացքում, որին ներկա են լինելու Եվրապառլամենտի մոտ 60 անդամներ: Մենք պետք է փորձենք հնարավորինս արդյունավետ օգտագործել նաեւ այս հարթակը»,- ասաց պարոն Սահակյանը:

Սովորաբար «Եվրանեսթի» նիստերը ուղեկցվում են ադրբեջանական պատվիրակության հակահայկական ելույթներով. այս նիստը եւս բացառություն չի եղել այդ առումով: «Ադրբեջանցիները փորձեցին շրջանառության մեջ դնել Սարսանգի ջրամբարի ինչ-որ խնդիրներ, ջրային ռեսուրսների դիտավորյալ աղտոտում, միջազգային կոնվենցիաներին ինչ-որ հակասող քայլեր եւ այլն, բայց դրանք բոլորն ընդհանրապես հանվեցին եւ զեկույցից, եւ իբրեւ առանձին բանաձեւեր մերժվեցին, քանի որ դրանք իրականության հետ որեւէ աղերս չունեին: Այնուհանդերձ, ինձ հասկանալի է իրենց նման հռետորիկան. Ադրբեջան վերադառնալուն պես՝ Ալիեւի մտրակին կարժանանան: Հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են ու նման պահվածքով, հավանաբար, պատրաստվում են այդ ընտրություններին: Բայց որեւէ լուրջ հակահայկական քայլ, փաստ, դեպք չեղավ: Ամեն ինչ շատ սահուն անցավ, ու ամենակարեւորն այն է, որ արդյունքները գոհացնում են հայկական պատվիրակության բոլոր անդամներին»,- ասաց մեր զրուցակիցը: Ըստ նրա՝ հայկական պավիրակությունն այդ նիստում աշխատել է բավականին միահամուռ. «Նաեւ ի պատիվ ընդդիմադիր թեւը ներկայացնող մեր գործընկերների՝ պետք է ասեմ, որ նրանք այնտեղ ներկայացան որպես մեր երկրի, մեր պետության արժեքները կրող քաղաքացիներ՝ ներկայացնելով Հայաստան պետության շահը»: ՀՀԿ-ական պատգամավորը հատկապես առանձնացրեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կեցվածքը, ով երբ ադրբեջանցի պատվիրակները ընդամենը բանավոր ռեպլիկներով իրենց «հերթապահ հայտարարություններն» են արել, բավականին խիստ սաստել է՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ խնդիրներ, հարցեր, որոնց հետ ինքը համամիտ չէ, բայց իբրեւ նաեւ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ՝ նկատել է, որ Հայաստանն Ադրբեջանի համեմատությամբ բավականին ժողովրդավար է, ժողովրդավարական արժեքներն առավել զարգացած են եւ զարգանում են, ու պետք չէ ադրբեջանական դիկտատուրան դնել նույն հարթակի վրա: «Մեր պառլամենտականները կարողացան ներկայանալ իբրեւ պետության միասնական քաղաքացիներ՝ համատեղ ջանքերով, առանց ներքին խնդիրները այդ հարթություն տեղափոխելու՝ կանխելով մեր պետության դեմ անգամ փոքր-ինչ ոտնձգությունները»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Քանի որ այդ հարթակն, այսպես ասած, քաղաքական բանավեճի հարթակ չէ, «Եվրանեսթի» ստեղծման օրվանից գործում է այն համաձայնությունը, որ այն տարածաշրջանային կոնֆլիկտների լուծման հարթակ չէ, ադրբեջանցի պատվիրակները միայն բարձրաձայն դժգոհություններ են արտահայտել, որ չեն կարողանում իրենց հարմար հարցեր բերել քննարկումների դաշտ: Ավելին, ադրբեջանցի պատվիրակները անգամ ծիծաղելի իրավիճակում են հայտնվել, քանի որ պատվիրակության ղեկավարը մի նիստի ընթացքում առաջարկներ է արել ինչ-ինչ կետեր հանելու՝ այլոք քննարկելու համար, որոնք քննարկվող նյութի հետ որեւէ աղերս չեն ունեցել: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ դա բավականին զվարճացրել է Եվրապառլամենտի անդամներին:

Այս առիթով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նկատել էր. «Ընդհանուր առմամբ բալանսավորված նորմալ փաստաթղթեր ընդունվեցին: Եվ ամենակարեւոր խնդիրը, որ մենք դրել էինք, այսօր վերջնականապես լուծվեց՝ «Եվրանեսթի» պառլամենտական վեհաժողովի հաջորդ լիագումար նիստը լինելու է Երեւանում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930