Ասում է Անգլիայի թագավորական ընտանիքի տարբեր արարողությունների երաժշտական մասի ղեկավարը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով կրկին Երեւանում է վերջին 30 տարիներին Անգլիայի թագավորական ընտանիքի տարբեր հանդիսությունների երաժշտական մասի ղեկավար, դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը: Միջազգային մամուլը վերջին տարիներին անդրադառնալով Անգլիայի թագուհու 80, Ուելսի արքայազնի 60-ամյակի տոնակատարություններին, 2011թ. արքայազն Վիլյամի ամուսնության արարողությանը, առանձնահատուկ նշել էր դիրիժորի ղեկավարությամբ մատուցված բաձրարվեստ ու բարձրակարգ երաժշտության մասին: Մեզ հետ զրույցում ժամանակին Քրիստոֆեր Ուորեն-Գրինն էլ հայտնել էր, թե իրենց՝ բրիտանացիների բախտը բերել է, քանի որ թագավորական ընտանիքի անդամները, մասնավորաբար՝ Նորին արքայական մեծություն Ուելսի արքայազն Չարլզը նախընտրում են դասական արվեստը ու օժտված են երաժշտական բարձր ճաշակով:
«Առավոտը» երեկ ներկա էր Քրիստոֆեր Ուորեն-Գրինի ղեկավարությամբ մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին: Դիրիժորի մեկնաբանությամբ Չայկովսկու 5-րդ սիմֆոնիայի եւ Բրամսի ջութակի կոնցերտի կատարումները (մենակատար՝ Անուշ Նիկողոսյան) հանդիսատեսն ընդունեց բրավոներով:
Մեզ հետ զրույցում դիրիժորը նշեց, թե երջանիկ պատահականությամբ Երեւանում իր գտնվելը համընկել էր արքայազնի՝ Հայաստան կատարած այցի հետ, սակայն ափսոսանք հայտնեց, որ արքայազն Չարլզը խիտ գրաֆիկի պատճառով չի կարողացել ներկա գտնվել Ֆիլհարմոնիկի փորձին:
Կարդացեք նաև
Քանի որ մայիսի 29-ին Ազգային օպերային թատրոնում տեղի ունեցած համերգի ունկնդիրն էին նաեւ արքայազնն ու դիրիժորը, հետաքրքրվեցինք՝ արդյոք գտնվե՞լ է համերգի մասին մտքեր փոխանակելու ժամանակ: «Երաժշտական նուրբ ճաշակի տեր արքայազնը հիացած էր երեկոյի ընթացքում հայ արտիստների մեկնաբանմամբ հնչած բարձրարվեստ կատարումներով, գոհունակություն հայտնեց Հայաստան կատարած այցի առիթով եւս»,- ասաց Քրիստոֆեր Ուորեն-Գրինը: Տեղեկացնենք, որ համերգին մասնակցել են Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի՝ Կապելլան, օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը, Գեւորգ Հակոբյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, բալետի արտիստներ Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, Սեւակ Ավետիսյանն ու Արմեն Գասպարյանը:
Անդրադառնալով Ֆիլհարմոնիկի համերգին՝ մեր զրուցակիցը հիացմունքով խոսեց ջութակահար Անուշ Նիկողոսյանի արվեստի մասին, ասելով՝ «Ջութակահարը օժտված է բացառիկ տաղանդով ու, ամենակարեւորը՝ որ ապրում է ստեղծագործական բուռն կյանքով: Նրա հետ զրույցից տեղեկացա, որ այս տարի արդեն նա հանդես է եկել Գերմանիայում, Վրաստանում, առաջիկայում էլ պատրաստվում է Գերմանիայում կայանալիք իր մենահամերգին, ինչպես նաեւ Հոլանդիայում ու Գերմանիայում անցկացվող կամերային երաժշտության փառատոներին: Մի կարեւոր հանգամանք եւս. նրա համար հատուկ ստեղծագործում են ոչ միայն հայ կոմպոզիտորները, այլեւ արտերկրյա: Փորձերի ընդմիջումներին ջութակահարուհու մոտ նկատեցի գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Պետեր Դոթի ստեղծագործությունը, ով հայտնի անուն է Արեւմուտքում: Գուցե ժամանակից շուտ եմ հայտարարում, բայց մեծ ցանկություն ունեմ Անուշ Նիկողոսյանին եւ Էդուարդ Թոփչյանին հրավիրելու Հյուսիսային Կարոլինայի նահանգ՝ տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցելու համար, որի գեղարվեստական ղեկավարն եմ»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ իրեն հիացրել է Բրամսի կոնցերտի ջութակահարի մեկնաբանումը, նշելով, թե այդ երկը ամբողջ մի փիլիսոփայություն է ու կարծես սիմֆոնիա լինի՝ գրված ջութակի համար:
Մեր ֆիլհարմոնիկի հետ հաճախ համագործակցության առիթով էլ Քրիստոֆեր Ուորեն-Գրինն ասաց. «Ձեր նվագախմբի հետ համագործակցությունս հեշտ է ստացվում: Ունեք խստապահանջ ունկնդիր, ինչը հաճելի է»: Հարցին, թե համերգներին անդրադառնո՞ւմ է հայ կոմպոզիտորների գործերին, դիրիժորը պատասխանեց. «Բազմիցս մատուցել եմ Խաչատրյանի երաժշտությունը, սակայն կա մի չգրված օրենք՝ եթե ղեկավարում ես, օրինակ, ամերիկյան նվագախումբ, ապա պարտավոր ես առաջին հերթին հնչեցնելու նրա՛նց հեղինակների երկերը: Իսկ վերջին շրջանում ինձ գրավել է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը ու ցանկություն ունեմ ավելին իմանալ նրա արվեստի մասին՝ հետագայում երկացանկումս ընդգրկելու համար»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ