Բանաստեղծ-թարգմանիչ Աննա Պոլետաեւան՝ գրելու շնորհի ու գրականության մասին
Վերջին շրջանում ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նաեւ հայ գրողներին՝ ընթերցողների հետ շփվել online տիրույթում: Բանաստեղծ-թարգմանիչ Աննա Պոլետաեւայի (Անդրիասյան) անունը հայ ընթերցողին հայտնի դարձավ հենց այս ձեւով:
«Առավոտի» հետ զրույցում հիմնականում լիրիկական պոեզիայով ներկայացող Աննան հայտնեց, որ առայսօր ունի Ռիգայում հրատարակված ընդամենը մեկ՝ «Лапушкина книжка» բանաստեղծությունների ժողովածու (2007թ.), իսկ online տիրույթում սեփական բանաստեղծություններով ու պատմվածքներով ներկայանում է 2003թ.-ից: Հավելեց նաեւ, որ online տիրույթում աշխատելը իրեն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու, բարեկամանալու իսրայելցի, ամերիկացի, մի խոսքով՝ այլազգիների հետ եւս:
Հետաքրքրությանը, թե ինչքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն լուրը, որ առայժմ միակ հրատարակված գիրքը իր երկրպագուների «նվերն» է, մեր զրուցակիցը հաստատելով` մանրամասնեց. «Ժողովածուիս նկարազարդումները, խմբագրումը, հրատարակումը իրականացրել են ինձ անծանոթ ընթերցողներս: Նրանցից մեկը նույնիսկ առանց ներկայանալու 1000 ԱՄՆ դոլար է հատկացրել»: Ավելին, նա ասաց, որ 2009թ., դարձյալ իր ընթերցողների նախաձեռնությամբ, դարձել է Ռուսաստանի գրողների միության անդամ: 2008թ. Մոսկվայում արժանացել է Իլյա Տյուրինի մրցանակին: Հավելեց, որ իր ստեղծագործությունները տպագրվում են ռուսաստանյան եւ վրացական ամսագրերում, այդ թվում՝ «Россия», « Юность», « Листок АБГ» եւ այլն, նշելով, թե իր համար պատիվ է «տպագրվել» Օկուջավայի, Արսենի Տարկովսկու եւ այլ հանրահայտ անունների կողքին:
Հարցին, թե ինչո՞ւ չի անդամակցում Հայաստանի գրողների միությանը, բանաստեղծը պատասխանեց. «Երկու պատճառով. կամ՝ որ ստեղծագործում եմ միայն ռուսերենով եւ երկրորդ՝ գուցե մեր միությանը իբրեւ բանաստեղծ չեմ հետաքրքրում, թեեւ վերջերս ռուս-հայկական համատեղ նախագծի արդյունքում բանաստեղծություններս տեղ գտան հրատարակված երկլեզու ժողովածուում»: Առանց մանրամասնելու՝ նա հայտնեց, թե հրաժարվում է մասնակցել գրական տարբեր միջոցառումների, ապա հիշեց, որ անցյալ տարի ռուսաստանցի գրչակից ընկերների հրավերով է մասնակցել Ծաղկաձորում կայացած Ֆիլատովի ֆոնդի ֆորումին, որտեղ վարպետության դասեր են անցկացրել հայտնի անուններ Մարիա Վատուտինան, Օլեգ Պավլովը, Լեոնիդ Յուզեպովիչը եւ ուրիշներ: Աննա Պոլետաեւան հայտնեց նաեւ, որ 2012թ. մասնակցել է Հայաստանում անցկացված թարգմանիչների ֆորումին՝ դարձյալ ռուս գործընկերների շնորհիվ:
Դիտարկմանը՝ ստացվում է, որ ստեղծագործում է հիմնականում «դրսի» համար՝ հայաստանյան գրական իրականությունից կտրված, մեր զրուցակիցն ասաց. «Բարձր կարծիքի եմ հայաստանցի ռուսալեզու գրչակիցներիս՝ Անահիտ Թադեւոսյանի, Կարինե Խալատովայի, Ելենա Շուվաեւա-Պետրոսյանի, Հասմիկ Փալանջյանի ստեղծագործությունների մասին: Պաշտում եմ Հրանտ Մաթեւոսյանի արձակը: Կնշեմ նաեւ Հովհաննես Գրիգորյանի, Լեւոն Խեչոյանի եւ երիտասարդ գրող Գեւորգ Գիլանցի անունները: Ի դեպ, անցյալ տարի իմ թարգմանությամբ «Կուլտուրա» հեռուստաալիքով ցուցադրվեց մոսկվաբնակ կինոռեժիսոր Մարտիրոս Փանոսյանի «Հրանտ Մաթեւոսյան» ֆիլմը, որը կառուցված էր անվանի գրողի հարցազրույցներից: Սակայն ինձ չգոհացրեց Կարեն Ջանիբեկյանի ռուսերեն կարդալը: Ֆիլմի հեղինակները ցանկացել էին, որ տեքստը կարդա հենց հայ դերասան՝ այդպիսով ապահովելով հայկական կոլորիտ»:
Հարցին, թե ի՞նչ կարծիքի է մերօրյա պոեզիայի մասին, Աննան պատասխանեց. «Իմ համոզմամբ՝ Հայաստանում, ինչպես Արեւմուտքում, բանաստեղծական ճգնաժամ է. հիմնականում գերակշռում են հստակ հանգավորում եւ ռիթմ չունեցող բանաստեղծությունները: Մինչդեռ ժամանակակից ռուսական պոեզիայի նշանավոր ներկայացուցիչներ Գանդելսմանի, Ալեքսեյ Ցվետկովի, Իլյա Ցարյովի, Ալեքսանդր Կաբանովի, Օլգա Սեդակովայի բանաստեղծություններում հստակ է ե՛ւ հանգավորումը, ե՛ւ ռիթմը»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ