2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքը Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջովին նվիրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նա հանրությանը համոզում էր, որ Հայաստանի իշխանությունները ստորագրել են, կամ պատրաստվում են ստորագրել մի փաստաթուղթ, որը կործանարար է լինելու Ղարաբաղի համար, քանի որ դրանով Հայաստանը զիջելու է սկզբում` ազատագրված հինգ շրջանները, հետո` մյուս երկուսը, իսկ Ղարաբաղի և Հայաստանը Ղարաբաղին միացնող միջանցի կարգավիճակը մնալու է անորոշ: Դրա համար նամեղադրում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, որոնց գործունեության արդյունքում Ղարաբաղը բանակցությունների սուբյեկտից վերածվեց օբյեկտի: «Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք` անբարոյական»: Տեր-Պետրոսյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը համարում էր շուտափույթ իշխանափոխությունը. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը և Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձևավորումը»: Սա` հրապարակայնորեն: Իսկ ոչ հրապարակայնորեն Տեր-Պետրոսյանն իր թիմակիցներին վստահեցնում էր, որ հենց Սերժ Սարգսյանը ստորագրի փաստաթուղթը, Հայաստանում արտաքին ուժերի օժանդակությամբ տեղի է ունենալու իշխանափոխություն, և իրենք վերցնելու են իշխանությունը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում