Այսօր «Ուրբաթ» ակումբում անցկացվեց Աբել Միքայելյանի՝ «Քաղաքական հարբեցողություն» գրքի շնորհանդեսը, որը հեղինակի թվով 3-րդ աշխատանքն էր: Ամբողջ շնորհանդեսի ընթացքում գրքի հեղինակը ոչ միայն չարտահայտվեց, այլև չպատասխանեց լրագրողների հարցերին, այդ իրավունքը տալով գրականագետ, գրաքննադատ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին:
Միքայելյանի հարազատների հավաստմամբ` վերջինս բավականին ամաչկոտ է և իրեն հնարավորինս հեռու է պահում իր աշխատանքի վերաբերյալ տեսակետ հայտնելուց:
«Ասում են, թե քաղաքական նյութը չի կարող դառնալ գրական նյութ, սակայն այս տեսակետը թյուր կարծիք է, որը ապացուցում է Աբելն իր աշխատանքով: Քաղաքական գործիչները թող ինձ ներեն, բայց թող ընթերցեն այս գիրքը, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է անցկացնել ընտրությունները»,-ընդգծեց գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը:
Քաղաքական գործիչ, նախկին նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը դեռ չէր հասցրել ընթերցել գիրքը, բայց համոզված է, որ լավն է լինելու. «Այն ճիշտ ժամանակին է լույս տեսել և դառնալու է բոլորի սեղանի գիրքը»,-ասաց Հարությունյանը:
Կարդացեք նաև
Շնորհանդեսի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին հեղինակի կողմից մակագրված գիրքը գնել:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ