Լրահոս
Օրվա լրահոսը

BBC. «Հերոսներ եւ սրիկաներ». լրագրողը փնտրում է Սաֆարովին հերոսացնելու, Այլիսլիին ատելու պատճառները

Մայիս 31,2013 22:20

«Հերոսներ  եւ սրիկաներ» վերնագրով պատրաստած նյութում «Բի Բի Սի»-ի լրագրող Դեմիեն ՄքԳինեսը փորձել է պարզել, թե ինչու է Ռամիլ Սաֆարովը հերոսի կոչման արժանացել Ադրբեջանում, թե ինչու է Ադրբեջանի կառավարությունը երկրի առաջատար գրողներից մեկին՝ Աքրամ Այլիսլիին դարձրել հասարակական ատելության կերպար  եւ այլ հարցեր:

Նյութը սկսվում է մի քանի ադրբեջանցիների մեկնաբանությամբ, որոնք պնդում են, որ Սաֆարովը ազգի հերոս է եւ կարողացավ մի բան անել, որ ոչ ոք չէր կարող:

Ադրբեջանցիներից մեկն ասում է, որ նրա արածը ահավոր է, որ նա հոգեկան խանգարումներ ունի. «Սակայն այդպիսով նա արտահայտեց իր կատաղությունը: Դա մի բան է, որ ուզում է անել Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, բայց չի կարողանում»:

Փորձելով գտնել Սաֆարովին՝ լրագրողն ասում է, որ փոքր-ինչ անհանգստացած է գիշերը հայ սպային կացնով սպանողի հետ հանդիպումից: Սաֆարովի հարեւաններից մեկն ասում է. «Նա ճիշտ բան է արել, այլ կերպ չէր կարելի: Եթե դուք (նկատի ունենալով լրագրողին) նրա տեղը լինեիք նույն բանը կանեիք»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաեւը արդարացնելով Սաֆարովին ասում է, որ քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, ոչ ոք երաշխավորված չէ, որ նման բան ապագայում չի կրկնվի:

Սաֆարովի հետ լրագրողին այդպես էլ չի հաջողվում զրուցել, նրա թարգմանիչը, զանգելով Սաֆարովին, նրանից պատասխան է ստանում, որ իրեն կարգադրել են չխոսել ոչ ոքի հետ, իսկ հարցին, թե կառավարությունն է կարգադրողը, Սաֆարովը պատասխանում է, որ չի ասի:

Գրող Աքրամ Այլիսլին, որն իր «Քարե երազներ» գրքում Բաքվում հայերի կոտորածներն էր նկարագրել ու այդ պատճառով մեծ ճնշումների էր ենթարկվել, խոսելով իր տան դիմաց հավաքվածների ու նրա մահը պահանջողների, գրքերը այրելու մասին, ասում է. «Շատ դժվար էր տեսնել, թե ինչպես են ուսուցիչները այրում գրքերս, ու լուցկի տալիս աշակերտներին, որ նրանք էլ այրեն», – հարցին, թե ինչ զգացողություններ ուներ այդ պահին, ասում է, – «Ես հիշեցի մանկության տարիներս, երբ ինձ պատժում էին մի բան համար, որ ես չէի արել: Ես ինձ կրկին փոքր երեխա էի զգում, շրջապատված կատաղած մեծահասակներով»:

Պարզաբանելով, թե ինչու նա չի լքում Ադրբեջանը, Աքրամ Այլիսլին ասում է՝ վտանգ կա, որ մի խելագար կարող է իրեն սպանել ու ազգային հերոս հռչակվել:

ՄքԳինեսը նա եւ ներկա է եղել Հեյդար Ալիեւի 90-ամյակի տոնակատարություններին ու նրա խոսքերով այն իր վրա թողել է անձի նկատմամբ պաշտամունքի կուլտի տպավորություն. «Ինչպես Սովետական Միության ժամանակ պաշտում էին Լենինին կամ Ստալինին», – ասում է նա՝ ավելացնելով, որ կառավարությունն այնքան հեռու է գնացել, որ պատաստվում է համալսարաններից մեկում Հեյդար Ալիեւի ուսումնասիրությունների ֆակուլտետ բացել:

Պատմաբան Ջաբի Բարամովը բացատրում է, որ այդ ֆակուլտետում ուսումնասիրելու են Ադրբեջանի նախկին նախագահի թողած ժառանգությունը,  այն ինչ նա արել է իր ժողովրդի համար:

«Նման բացատրություններ լսելով՝ ես հասկացա, որ նրա պատմության մասին պատկերացումներն իմինից փոքր-ինչ տարբերվում են», – ասում է ՄքԳինեսը  եւ պատմաբանին հարցնելով, թե արդյոք տարօրինակ չէ մի մարդու մասին այդպես խոսելը, երբ նրա կառավարությունը կոռուպցիայի մեջ էր թաղված, պատմաբանը պաստախանում է, – «Իսկ ի՞նչ է, ձեր երկրում կոռուպցիա չկա՞»:

«Բի Բի Սի»-ի լրագրողը նա եւ զրուցել է ճանաչված լրագրող Խադիջա Իսմայլովի հետ, որը պնդել է, որ նախագահի ընտանիքը ազգայնական խաղաքարտն օգտագործում է մարդկանց իրական խնդիրներից շեղելու համար եւ որ նրանց արտաքին թշնամի է անհրաժեշտ, որպեսզի մարդկանց կառավարելի դարձնեն. «Ղեկավարները սիրում են այս հակամարտությունը, նրանք սիրում են այն օգտագործել իրենց քաղաքական մրցակիցների դեմ: Ես անցել եմ դրա միջով, նրանք ինձ համար հայ տատ են ստեղծել, իմ տատը հայ չէր: Ամեն դեպքում, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում հայ լինելու մեջ», – ասել է Խադիջան՝ ավելացնելով, որ իրենք իրենց պարտված են զգում եւ դա մեծացնում է իրենց վիշտը, – «Դա է քարոզը: Դրա պատճառն այն է, որ մենք պարտվել ենք պատերազմում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031