Այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ներկայացրեց 2012-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Նա նշեց, որ 2012-ի բյուջեով նախատեսված 2 մլրդ 723 մլն դրամը հիմնականում ծախսվել է այս ուղղություններով. պատգամավորների աշխատավարձի համար՝ 1, 672մլն դրամ, գործուղումների համար՝ 208 մլն դրամ, ներկայացուցչական ծախսերի համար՝ 190 մլն, իսկ մնացածը՝ էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, կոմունալ վճարումաների եւ տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար:
Նախորդ հաշվետվության ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Գուրգեն Դումանյանին անհարմար իրավիճակի մեջ դրեց: Նա դժգոհեց, որ իրենց աշխատավարձով չեն կարողանում մի ներկայանալի կոստյում գնել՝ ադրբեջանցիների մոտ վատ չզգալու համար. «Հասկանում եմ, որ գոյատեւման բյուջե ունենք, որ պատգամավորի աշխատավարձը վաղուց չի բավարարում նույնիսկ մեկ որակյալ բաճկոն գնելու, որով մենք չենք ամաչի ասենք, ադրբեջանական պատվիրակության առջեւ որեւէ միջազգային միավորմանը մասնակցելու եւ այլն: Հասկանում եմ, որ սա այն հիմնարկն է, որտեղ, ես առաջին անգամ եմ այդպիսի բան լսել, որ գալիս պիտի հետդ սեղան-աթոռ բերես, գիրք, գրիչ, տպիչ եւ այլն»:
Այսօր Գուրգեն Դումանյանի զեկուցման ժամանակ ներկա էր ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Վահե Էնֆիաջյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ինքը կոստյումի հարց չբարձրացրեց, արդյո՞ք նման դժգոհություններ չունի: Նա պատասխանեց. «Ես ինքս եթե բողոք ունենայի, կբարձրաձայնեի դրա մասին եւ կարտահայտեի իմ բողոքը: Միեւնույն ժամանակ իմ գործընկերը եւ ընկերը այդ ամեն ինչի մասին օբյեկտիվ ձեւաչափով բարձրաձայնել է, որովհետեւ այն գույքը, որ տրամադրել են, մեղմ ասած նորմալ չէ»: Մենք ճշտեցինք՝ Դուք ներկայանալի կոստյում ունե՞ք՝ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես ինքս չեմ բողոքում էդ հարցի շուրջ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ