Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրավերով երկօրյա այցով այսօր Գյումրի էին ժամանել Լեհաստանի 11-րդ քաղաքի` Բելաստոկի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկին եւ նույն քաղաքի ռազմավարության եւ զարգացման բաժնի տնօրեն Պրզեմիսլավ Տուչլինսկին: Հյուրերը նախանձելի փաստեր ներկայացրեցին իրենց քաղաքի մասին. մասնավորապես ասացին, որ Լեհաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող ու 350 հազար բնակիչ ունեցող այս քաղաքի բյուջեն բավականին զգալի գումար է մտնում Եվրամիությունից: «2004 թվականից, երբ Լեհաստանը դարձավ Եվրամիության անդամ, 500 միլիոն եվրո Բրյուսելի բյուջեից փոխանցվեց Լեհաստանին, որից 50 միլիոնը` Բելաստոկին» , -ասաց լեհ քաղաքապետը:
Լեհ պաշտոնյայի այս խոսքերը դարձան գյումրեցի լրագրողների քննարկան թեման, ովքեր նախանձով նշում էին. «Պատկերացրեք Բելաստոկը 11-րդ քաղաքն է, ու էդքան ուշադրություն, բա որ երկորդը լիներ, ի՞նչ կլիներ: Իսկ մեր Գյումրիի հետ էնպես են վարվում, կարծես երկրորդական քաղաք կլինի»: Սամվել Բալասանյանը հյուրերին խոստացավ տանել նաեւ Երեւան`մայրաքաղաքին ծանոթացնելու համար: Այնուհետ ասելով, որ Գյումրին «ջիգյարով մարդկանց քաղաք է», պարոն Բալասանյանը խորհրդանշական նվերներ փոխանցեց հյուրերին` «Գյումրի» վերնագրով գիրք, որը մշակութային մայրաքաղաքի մասին հրատարակված առաջին գիրքն է, ու ըստ Սամվել Բալասանյանի, լրագրողներն անգամ չէին տեսել այն, քաղաքը պատկերող գեղանկար, հայկական կոնյակ, ու Գյումրվա մուշուրբա` կլկլան բաժակ: «Սա Գյումրու խորհդանիշն է, հայերեն` կլկլան բաժակ , եթե ինչ- որ բան խմես, զրնգում է, մի խոսքով սա երգող բաժակ է», ռուսերենով ասաց Գյումրու քաղաքապետը:
Հյուրերը եւս խորհրդանշական նվերներ փոխանցեցին: Վաղը 3`մշակութային, սպորտային ու տնտեսական կետերից բաղկացած նախնական համաձայնագիր կստորագրվի երկու քաղաքապետերի միջեւ: Ի դեպ, հյուրերը, փայլուն տիրապետելով ռուսերենին, խոսում էին անգլերեն: Բելաստոկի քաղաքապետը, լրագրողների հետ խոսեց ռուսերեն, երբ մնաց առանց թարգմանչի: Նա իր հարցազրույցում ասաց, որ իրենք հպարտանում են, որ Բելաստոկը կանաչ քաղաք է, իրենց շրջանում զարգացած է գյուղատնտեսությունը, ունեն հատուկ տնտեսական գոտի, մեկ ամսից ձգտում են ստեղծել տեխնոպարկ, բիզնես անել: Այն նաեւ ակադեմիական քաղաք է`շատ բուհեր կան այնտեղ, իսկ ամենահայտնին ու ուժեղը՝ բժշկական համալսարանն է: Նշենք, որ Սամվել Բալասանյանին սեպտեմբերին հրավիրեցին Լեհաստան`մասնակցելու գիտաժողովի` ՏԻՄ թեմայով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ