Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գյուղապետը եւ դիտավանցիները դատի են տվել «ՀիմնաՏավուշին»

Մայիս 31,2013 17:57

Պահանջվում է հատուցել վնասը

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը եւ եւ մի քանի դիտավանցիներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին: Վերջինս ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից:

2010 թ. մայիսի 22-ին Իջևանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011 թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով: Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը: Սեյրան Սարգսյանը մեզ հայտնեց, որ դատական հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար:

Ս. Սարգսյանի խոսքերով՝ հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում՝ հեկտարի հաշվով՝ եւս 30 հազարական դրամ: Նրա վկայությամբ՝ ըստ պայմանագրի «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա:

Սեյրան Սարգսյանն ասաց,որ հետո հիմնադրամի ներկայացուցիչները փորձել են համոզել , որ ինքը ստորագրի փաստաթղթի տակ, թե իբր երաշտի, այսինքն՝ «ֆորս մաժորի» հետեւանքով է ցածր բերք ստացվել: Սույն գործով դատական նախնական նիստը մայիսի 31-ին կայացավ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031