Լրահոս
Օրվա լրահոսը

«12 նախարարներ ենթակա են փոփոխության» (Տեսանյութ)

Մայիս 31,2013 17:48

Կառավարության ծրագիրը ներկայիս նախարարներով հնարավոր չէ իրականացնել: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա պնդմամբ` «12 նախարարների պետք է անվերապահորեն փոխել, 4 նախարարի կարելի է թողնել, որոնք իրենց մտածելակերպով եւ գիտելիքներով թույլ են տալիս առաջնորդվել ըստ կառավարության ծրագրի»: Aravot.am-ի այն հարցին, թե ովքեր են փոխվելու փոփոխության

ենթակա նախարարներից, պարոն Մակարյանն ասաց`«Հիմա չեմ ուզում անուններ տալ, ժամանակը կգա, կասեմ` ում մասին եմ մտածում: Հիմա երեւի ամեն մեկը  մտածում է ինքն այդ 12-ի մե՞ջ է, թե՞ ոչ»:

Կառավարության ծրագիրը, պարոն Մակարյանի խոսքերով, շատ առաջադեմ,  հետաքրքիր ու մոդեռն ծրագիր է: Համենայնդեպս` թղթի վրա գրվածից այդպիսի տպավորություն է ստացել պարոն Մակարյանը. «Իսկ այդ 12 նախարարներն իրենց մտածելակերպով չեն կարող ծառայել այդ ծրագրի իրականացմանը: Բացի նախարարների փոփոխությունից, կառավարությունը պետք է վերանայի իր ներքին կառուցվածքը, նախարարությունների առաքելություններն ու կանոնադրական խնդիրները, որովհետեւ նախարարություններ կան, որոնց կանոնադրական խնդիրները, որ կառավարությունն ամեն անգամ հաստատում է`հնացած են, իրենց առաքելությամբ չեն ծառայում մեր երկրի այսօրվա խնդիրների լուծմանն  ու կառավարության այս հնգամյա ծրագրին»:

Գագիկ Մակարյանի կարծիքով`«Նվազագույնը 4-5 ռեֆորմիստներ են պետք` նախարարների տեսքով, որոնք կկանգեն վարչապետի շուրջը եւ այդ ամբիցիոզ ծրագիրը  կիրականացնեն: Մեկ ռեֆորմիստով, դա կլինի վարչապետը, թե էկոնոմիկայի նախարարը, չգիտեմ, հնարավոր չէ իրականացնել»:

Aravot.am-ի այն հարցին, ինչո՞ւ միանգամից վարչապետին չփոխել, պարոն Մակարյանն ասաց. «Կարելի է այդ մասին էլ մտածել, բայց եկեք ժամանակ տանք նրան, կա նոր ծրագիր, տեսնենք, թե ինչպե՞ս է իրականացնելու. արդյոք կգնա նախարարներ ու կանոնադրություններ փոխելու ճանապարհով, թե նույն թիմով, էլի հին ոճով կշարունակի:» Դիտարկմանը, որ արդեն կան փոխված նախարարներ, պարոն Մակարյանն ասաց. «Փոփոխվածներն էլ փոփոխության ենթակա են: Կառավարության աշխատակազմում եւ ֆինանսների նախարարությունում պետք են կամքով ավելի ուժեղ մարդիկ ,մենեջմենթին տիրապետող մարդիկ»:

Պարոն Մակարյանի ներկայացմամբ, ինքը կառավարությանը որոշ առաջարկություններ է արել, մասնավորապես՝ միկրո եւ փոքր բիզնեսին ազատել հարկերից ու ստուգումներից, եւ եթե կառավարությունն իր առաջարկած փոփոխությունները չկատարի. «Ապա  ես 20% -եմ հավատում, որ այդ ծրագիրը կկատարվի»:

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` միկրո եւ փոքր բիզնեսին, եթե չազատեն հարկերից, դրանց մեծ մասը կփակվի` մոտ 100 հազար մարդ կարող է գործազուրկ դառնալ. «Ասում են 100 հազար աշխատատեղ ստեղծել. Նույնիսկ, եթե մի ընտանիքից 2 հոգի էլ աշխատեն, աղքատության շեմից դուրս չեն գա: Այդ 100 հազարը բաժանենք 2 հոգու, ուրեմն` 50 հազարի խնդիր է լուծում: Մենք ունենք 230 հազար աղքատ ընտանիք, բա 180 հազար աղքատ ընտանիքին ի՞նչ պիտի անեն: Կառավարության ներկայացուցիչներն ինձ հետ քննարկման ժամանակ ասացին` դա հնարավոր չէ 5 տարում անել, բա էդ դեպքում, երբ պիտի անեն, էդ 180 հազարը 5 տարի աղքատ մնա՞, ու ի՞նչ երաշխիք, որ նորից  աղքատ ընտանիքների թիվը չի ավելանա: Այսինքն` կառավարության ծրագիրը թերի է կատարվելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031