Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայրը` Իրինա Ղազարյանը պնդում է, որ աշխատանքից ազատված ոստիկան Վարդան Ղուկասյանը` նույն ինքը հայտնի «Դոգը», ստել է, երբ «Ժամանակ»-ին ասել է, թե ինքը Իրինա Ղազարյանին չի տեսել ու իր մահացած որդու մահվան հանգամանքների մասին հետը չի խոսել:
Հիշեցնենք, որ տիկին Ղազարյանը Aravot.am-ին պատմել էր Դոգի հետ ունեցած զրույցի մասին, որի ժամանակ, ըստ տիկին Ղազարյանի, Դոգն ասել էր. «Տիկին Իրինա, բայց ո՞վ է ասել, որ ձեր տղան հիվանդ է եղել: Դե հո չեն ասի, թե ոնց են սպանել: Ո՞վ է ասել, որ ձեր տղան հիվանդության պատճառով է մահացել»:
«Եթե ինձ չի տեսել, թող գա իմ դեմը կանգնի ու ասի, գիտեք ինչ, տիկին Իրինա, ամոթ է ձեզ, էս սեւ զգեստով կանգնել ու ստում եք: Ես ամեն իմ ասածի համար պատասխան եմ տալիս: Իմ հետ եղել են բանակում սպանված զինվորների չորս մայրեր, փոքր տղաս: Ո՞նց եղավ, որ ինքը ինձ չտեսավ ու տեսավ միայն Օհանջանյան Տիգրանի մորը: Ո՞նց կարողէ պատահի, որ ես ստեմ, ինչի՞ համար պետք է ստեմ»,- ասաց Իրինա Ղազարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ