Լրահոս
Օրվա լրահոսը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի մամուլի հաղորդագրությունը՝ ՀՀ պետական գնումների համակարգի թերացումների ու բացթողումների վերաբերյալ

Մայիս 31,2013 17:04

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հանրային գնումների մոնիթորինգի ծրագրի շրջանակներում իրականացրել է բողոքարկման խորհրդի գործունեության, նրա կողմից ընդունված որոշումների և մեկ անձից գնումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն և արձանագրել է մի շարք բացթողումներ և թերություններ:

Այսպես, գնումների մասին օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ կետում նշված է, որ բողոքի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ներառում է որոշման հիմնավորումը, բողոքարկման խորհրդի հանձնաժողովի կողմից ընդունվում և հրապարակվում է բողոքը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 օրացույցային օրվա ընթացքում: Սակայն, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս դրույթը միշտ չէ, որ կիրարկվում է պրակտիկայում: Մասնավորապես, 2013 թ. մայիսի 30-ի տվյալներով՝ գնումների պաշտոնական կայքի (www.procurement.am) բողոքարկման բաժնում ներկայացված 3 բողոքների վերաբերյալ համապատասխան որոշումները դեռևս չեն կայացվել, չնայած նրան, որ օրենքով սահմանված ժամկետն արդեն անցել է: Օրինակ, սույն թվականի ապրիլի 4-ին գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ բողոք է ստացվել «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ի կողմից: Գնումերի մասին օրենքի համաձայն, բողոքարկման խորհրդի հանձնաժողովը տվյալ բողոքի վերաբերյալ որոշում պետք է կայացներ մինչև ապրիլի 24-ը: Սակայն կայքի բողոքների վերաբերյալ կայացրած որոշումների բաժնում վերոնշյալ, ինչպես նաև երկու այլ բողոքներին առնչվող որոշումները հրապարակված չեն գնումների պաշտոնական կայքի «Բողոքների վերաբերյալ կայացրած որոշումներ» խորագրի ներքո, այն դեպքում, երբ ավելի ուշ ստացված բողոքների մասով որոշումներ կայացված և կայքում տեղադրված են: Իհարկե, չի կարելի բացառել, որ հետագայում այդ բողոքներին վերաբերող որոշումներ ընդունվեն հետին թվով և տեղադրվեն կայքում:

Ուսումնասիրվել են նաև մեկ անձից կատարվող գնումների վերաբերյալ տվյալները, որոնք զետեղված են www.e-gov.am կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» խորագրում: Նշված կայքում 2013 թ.-ի տվյալների բազայում տեղադրված են նաև 1996-2012 թվականների ժամանակահատվածում կնքված պայմանագրեր (ներառյալ նաև այնպիսիք, որոնց գործողության ժամկետը վաղուց է ավարտվել): Զավեշտալին այն է, որ չնայած պետական գնումների մասին առաջին օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել միայն 2000 թ., կայքում առկա են 1996-1999 թվականների կատարված ձեռքբերումներ, ընդ որում, դրանց կատարման հիմքում նշվում են 2011-2012 թթ. ընդունված իրավական ակտերը:

Ստորև բերված հղումով կարող եք դիտել ԹԻ ՀԿ գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանի մեկնաբանությունները թեմայի մասին:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031