«Անցյալ տարի մի քիչ պատրաստ չէի, չգիտեի, որ պարոն Փաշինյանը ստեղ ա լինելու, հարցեր ա տալու»,- այսօր խորհրդարանում ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է անցյալ տարվա բյուջեի կատարողականը:
Հետաքրքիր էր, որ այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թվաքանակի մասին հարցն այս անգամ բարձրաձայնեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Արարատի մարզպետի սույն խոստովանությունը առաջացրեց քննարկմանը մասնակցողների ծիծաղը: Էդիկ Բարսեղյանը մանրամասնեց. «2011 թվականին առաջին դասարանցիների թիվը կազմել է 3198, 2012-13 ուսումնական տարում կազմել է 3191: Այս տարի ես գիտեի, որ հարցը հնչելու է, բոլոր համայնքներով, ծխամատյաններով նայել եմ եւ ի ուրախություն մեզ, 43 աշակերտով ավելացել է»:
Մարզպետին, սակայն մտահոգում էր այլ խնդիր, բավականին մեծ թիվ են կազմում այն աշակերտները, ովքեր ինչ-ինչ պատճառներով կիսատ են թողել ուսումը:
Երբ նախագահող Ստեփան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց, Էդիկ Բարսեղյանն ասաց. «Թող հարցեր տան, երկու շաբաթ ա պատրաստվում եմ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ