Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կառավարությանը խիզախության է դրդում. Մասնագետն առաջարկում է միկրո եւ փոքր բիզնեսին ազատել հարկերից, եւ այն հարկերը, որոնք պետք է այդ բիզնեսից հավաքվեր, ընկերությունները կուղղեն գազի, էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում առաջացած գնաճի խնդիրների լուծմանը: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Մակարյանը: Նրա խոսքերով` դա կլինի սուբսիդավորման մի նոր եղանակ:
Ըստ պարոն Մակարյանի, կառավարությունն իր ծրագրում նշել է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, իսկ միկրո եւ փոքր բիզնեսին հարկերից ազատելու դեպքում, կազատեն նաեւ հարկային եւ այլ ստուգումներից, իսկ քանի որ, Գագիկ Մակարյանի խոսքերով ասած` ցանկացած ստուգում կոռուպցիոն ռիսկ է պարունակում, հետեւաբար, ազատություն տալով փոքր բիզնեսին, կոռուպցիոն ռիսկերն էլ կնվազեն, կառավարությունն էլ իր ծրագրի այդ կետը որոշ չափով կատարած կլինի:
Գագիկ Մակարյանի ներկայացմամբ` կառավարության ծրագրում նաեւ նշված է` հավասար պայմաններ են ապահովելու բիզնես ոլորտը զարգանալու համար. «Եթե միկրո բիզնեսը ազատում ենք հարկերից ու ավելորդ հսկողությունից ազատում ենք`որոշակի մրցակցային պայմաններ ենք տալիս: Կառավարությունն ասում է` հարկերն ավելի շատ հավաքել խոշոր բիզնեսից, ես էլ ասում եմ` եկեք օրինակ ծառայեք, խիզախություն դրսեւորեք եւ մոտ 100 միլիոն դոլարը միկրո ու փոքր բիզնեսից մի հավաքեք, այդ 100 միլիոնը հավաքեք խոշորից: Գրել եք ծրագրում, ուրեմն խոսքը դարձրեք գործ»:
Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` իր առաջարկությունն իրականացնելու դեպքում, կառավարությունը կլուծի նաեւ իր ծրագրում տեղ գտած փոքր ու միջին բիզնեսին ուղղված խնդիրները: Առաջարկությունը կյանքի կոչելու դեպքում, ըստ պարոն Մակարյանի, միկրո բիզնեսը կդառնա փոքր, փոքրը` միջին, եւ վերջապես, մեր տնտեսության մեջ դինամիկա կլինի. «Կառավարությունը պիտի խիզախություն դրսեւորի, կամ քաղաքացիական հասարակությունը իր ակտիվությամբ պետք է դրդի կառավարությանն այդ խիզախությանը»:
Կարդացեք նաև
Գագիկ Մակարյանը անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սպասվելիք թանկացմանն, ասաց, որ էլեկտրաէներգիան թանկացնելու համար հիմնավորում է եղել, որ այդ գումարներն ուղղվելու են ատոմակայանի անձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը, անվտանգության ապահովման համակարգի սպասարկման եւ որոշ առումով էլ գազի թանկացումն է հիմնավորումը. «Ես ուսումնասիրել եմ Եվրամիության փաստաթղթերը եւ հայտնաբերել, որ Եվրամիության հետ 2013 թվականի համագործակցության ճանապարհային քարտեզի մասում գրված է, որ այս տարի Հայաստանում եւ Ուկրաինայում կիրառել այս երկրների ատոմակայանների նկատմամբ սթրես թեսթ: Դա նշանակում է հուսալիությունը փորձարկել, բայց կարեւորն այն է, որ արեւելյան գործընկերության շրջանակում, Եվրամիությունը բոլոր կոմպոնենտների համար ֆինանսավորում է տրամադրում: Այսինքն, հնարավոր է ատոմակայանի անվտանգությունը գնահատելու եւ լավացնելու համար Եվրամիությունը որոշակի միջոցներ վճարի: Այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞ւ ենք էլեկտրաէներգիայի թանկացումը կապում այդ անվտանության համակարգի լավացման հետ, եթե այլ աղբյուրից ունեք միջոցներ:
Ես առաջարկել եմ լավ լուծում` թանկացնեն միայն ատոմակայանից գնվող հոսանքը: Այսօր 11 դրամով ենք ձեռք բերում, 11-ը դարձնել 13-13.5 դրամ, եւ այդքանը բավական է, որ ատոմակայանի միջոցները, այդ հավելյալ մուտքերն ավելանան ու ուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը: Միայն գազով պայմանավորված` էլեկտրաէներգիայի թանկացումը 2.5 դրամից չի անցնում: Այսինքն` կարելի է ոչ թե 8 դրամ թանկացնել հոսանքը, այլ՝ 4 դրամ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ