Այսօր չորս երիտասարդ մարզիկների միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում շնորհելու արարողության ժամանակ Aravot.am-ը մի քանի հարց տվեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Ու ստացվեց հանպատրաստից հարցազրույց:
– Հիշո՞ւմ եք, թե երբ եւ ինչպես ստացաք ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետի ձեր կոչումը:
– Ինչպե՞ս կարող եմ չհիշել` 1975 թվականին, երբ դարձա ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Ու երեւի դրա համար ավելի շատ էի ուրախացել, քան 1977 թվականին սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստանալիս` մեծահասակների աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: Եվ հենց դրա համար ցանկացա Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի կրծքանշաններն այսօր անձամբ տղաներին հանձնել:
– Իսկ ինչո՞ւ է ՄԿՍՎ կոչումը ձեր համար ավելի թանկ ՍՎՎ կոչումից:
Կարդացեք նաև
– Որովհետեւ այն ստացա ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչումից դեռ մեկ տարի չանցած: Սովորաբար, միջազգայինից վաստակավոր վարպետ ճանապարհը անչափ բարդ է եւ մի քանի տարի է պահանջում: Իմ պարագայում ընդամենն ութ ամիս տեւեց: Չգիտեմ` սպորտի պատմության մեջ նման բան էլի կա՞: Երբ այսօր երիտասարդներին ասում էի նպատակին հասնելու հաստատակամության մասին, նաեւ իմ անցած ուղին նկատի ունեի: Երբ սպորտի վարպետ դառնալուց հետո ընդգրկվեցի ԽՍՀՄ հավաքական, արդեն նպատակադրվել էի, որ պիտի անպայման մասնակցեմ առաջին անգամ անցկացվելիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին եւ հաղթեմ: Եվ միչեւ նպատակս իրագործելը, ինչպես ասում են, օր ու արեւ չունեի` ամեն բան նպատակաուղղել էի այդ նպատակին: Ու ոչ միայն հասա, այլեւ աշխարհի ռեկորդներ էլ սահմանեցի:
– Իսկ վաստակավոր վարպետի՞ կոչումը…
– Իհարկե, ուրախ էի: Բայց այնպիսի զգացողություն էր, ասես, պիտի լիներ` եղավ: Այնպես որ, մարզական այն ճանապարհը, որ ես անցել եմ, հաղթահարել, մաղթում եմ նաեւ մեր այս տղաներին եւ Հայաստանի յուրաքանչյուր մարզիկի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ