Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյանը Վարդան Ղուկասյանի «լեւի» գործերի մեջ չի խորացել

Մայիս 31,2013 15:39

«Ամենակարեւորն այսօր մարզում, այսպես ասած, բարոյաքաղաքական կլիմայի հանդարտեցման, խաղաղության խնդիրն է, որը այսօր արդեն կա»,- այսօր խորհրդարանում լրագրողների ետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը`պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե որոնք են այսօր մարզի առաջնային խնդիրները:

Լրագրողները հետաքրքրվեցին կրիմինալի հարցով հիմա մարզում ի՞նչ վիճակ է: «Կոպիտ բան ասե՞մ»,- հարցով պատասխանեց մարզպետը ու հավելեց. «Հանդարտ է, հանդարտ: Կրիմինալ, որ ասում եք`վերցրեք հանցագործությունների միջին ստատիստիկան, համեմատություններ արեք, տեսեք`որտե՞ղ ինչքա՞ն է: Էդ համեմատությունից հետո ասեք`կրիմինալը ո՞նց է»:

Դիտարկմանը, որ Գյումրիում կրիմինալը շատ է`հայտնի են Մարտուն Գրիգորյանի կլանը`ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորի, Վարդան Ղուկասյանի կլանը՝ նախկին քաղաքապետի եւ այլն, մարզպետը հարցով պատասխանեց. «Երեւանից շա՞տ: Երեւանում հեչ բան չկա՞: Այլ մարզերի հետ էլ եթե համեմատենք`գնացեք ստատիստիկան նայեք ու կտեսնեք, որ մարզեր կան, որտեղ հանցագործության տոկոսն ավելի բարձր է»:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ տեղյակ չէ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցրեցինք, որ խոսքը վերաբերվում է նրան, որ Գյումրու ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ չի զիջում քաղաքի տարբեր հատվածներում՝ կենտրոնական շուկայի մոտ, Հաղթանակի պողոտայում եւ 15 այլ վայրերում գտնվող ավտոկայանատեղիների հարկային դաշտ բերելու հարցը կարգավորել: Այդ հողատարածքները նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով ձեւակերպել է ոմն Տարոն Գասպարյանի անուն-ազգանվամբ: Ընդամենը մի տառ՝ P (parking) գրելով ու մեկ ժամի դիմաց մեքենայատերերից 100 դրամով գանձելով՝ նախորդ քաղաքապետի տարեկան եկամուտը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 200.000 դոլար: Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Անկեղծ ասած, ես այդ հարցի մեջ դեռ չեմ խորացել, իրականում չեմ խորացել: Ես քաղաքապետի հետ զրույց եմ ունեցել, ինքն ասաց, որ այդ հարցերով զբաղվում են, թե ովքեր են դրանք տնօրինում`ես չգիտեմ: Ասացին, որ ավտոկայանատեղերի հետ կապված հարկերի խնդիր ունեն, կոնկրետ մարդու անուն չի շոշափվել: Քաղաքապետը ինձ զեկուցեց, որ կազմակերպել են աշխատանքը, որ փորձում են հարկային դաշտ բերել: Ուրիշ բանի մասին խոսք չի եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031