Լրահոս
Օրվա լրահոսը

DJ Vakcina. Շատ տհաճ է, որ մեր շոու-բիզնեսում, կան մարդիկ, ովքեր իրենց օրինակով պրոպագանդում են ոչ առողջ ապրելակերպ

Մայիս 31,2013 15:15

media«Մեդիա կենտրոնում» Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը(ՀԱՀ/ԱԾՀԿ), համագործակցելով Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) հետ,  կազմակերպեց քննարկում՝ նվիրված Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության խնդիրներին:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին Հայ կամավորների միության  կամավորների կողմից  Հայաստանում առկա գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության տարբեր տեսակների մշտադիտարկման արդյունքները, դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), ինչպես նաև քննարկվեցին ՀՀ օրենսդրության և դրանց կիրարկման բարելավման հնարավորությունները:

Բանախոսներն էին Հայաստանի ամերիկան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի գիտաշխատող «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգող Արուսյակ Հարությունյանը, Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) կամավոր Անահիտ Բախշյանը,  ՀՀ Առողջապահության նախարարության ԱԱԻ ԱՏՎՀԿ ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը,  DJ Vakcina-ն:

Նրանք, մասնավորապես, քննադատում էին դպրոցական երեխաների համար նախատեսված վայրերի մոտ տեղադրված խաղային մեքենաները, որոնցով հնարավոր է ծխախոտ շահել: Ինչպես նաեւ անդրադարձան հեռուստասերիալներում ծխախոտի քարոզչությանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ: 12 հեռուստասերիալի հնգական սերիա դիտելուց հետո արձանագրել էին, որ դրանցից երեքում առկա է ծխախոտի անուղղակի քարոզչություն:

«Ծխախոտի անուղղակի խթանման մեկ այլ տարատեսակ է հայտնիների հրապարակային ծխելը: Ուրախ ենք, որ մեր հետազոտության արդյունքում մարզիկների շարքում ծխողներ չհայտնաբերեցինք»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նա առանձնացրեց DJ Vakcina-ին, ով, ի տարբերություն շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների, պայքարում է ծխախոտի օգտագործման դեմ:

«Ինձ համար շատ տհաճ է, որ մեր, այսպես ասած, շոու-բիզնեսում, կան մարդիկ, ովքեր իրենց օրինակով պրոպագանդում են ոչ առողջ ապրելակերպ»,- հայտնեց նա:

Փաստաբան Արփինե Եղիկյանը նշեց, որ խնդիրը ոչ թե օրենսդրության բացերի մեջ է, այլ դրա կիրառման, քանի որ իրականում օրենքով խիստ պատիժներ են նախատեսված:

«Հեռուստասերիալներում ծխող մարդու հայտնվելը բացասական վարքագծի խթանման փորձ է: Ցավոք, վաճառքի կետերում մեզ մոտ ծխախոտի գովազդն արգելված չէ, այժմ դրան ուղղված նախագիծ է պատրաստվում առողջապահության նախարարության կողմից»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:

Ծխախոտի օգտագործումը մի շարք հիվանդությունների և դրանցով պայմանավորված մահերի թիվ մեկ կանխարգելվող պատճառն է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում: Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առողջական, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական բացասական հետևանքները կանխելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակվել է  ԾՊՇԿ-ն և մայիսի 31-ը հռչակել է որպես ծխախոտի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի այդ օրը նվիրված է ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության արգելքին:

«Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիան պահանջում է, որ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում  կողմերն ամբողջությամբ արգելեն  ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորչությունը:

Հայաստանը 2004թ.-ին միացել է ԾՊՇԿ-ին, որին հաջորդել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Այնուամենայնիվ, ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության մի շարք տարբերակներ Հայաստանում դեռևս չեն կանոնակարգվում, որի արդյունքում գնալով աճում են ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության դեպքերը:

«Մեդիա» կենտրոնի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031