Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայի ռեկտորը՝ ցածր վարձատրվող դասախոսների մասին. Հո մարդիկ սովամահ չե՞ն լինի

Մայիս 31,2013 14:50

Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց բուհում ուսման վարձերը բարձրացնելն ուղղակի անհրաժեշտություն է: Նա փաստում է, որ կոնսերվատորիայի բյուջեի առյուծի բաժինը՝ 85 տոկոսը, գնում է միայն աշխատավարձերի վրա, մինչդեռ կոնսերվատորիան պահպանման եւ զարգացման խնդիրներ ունի:

Ռեկտորն ասում է, որ կոնսերվատորիայում պետպատվերով սովորող ուսանողի համար պետությունը 30-35 տոկոսով ավելի շատ գումար է վճարում, քան վճարովի համակարգում սովորողի վարձավճարն է: «Վճարովի համակարգում սովորող ուսանողների վճարածը իրենց ուսման համար ծախսված գումարի 50 տոկոսն էլ չի կազմում, իսկ այն աշխատավարձը, որ ստանում են մեր դասախոսները, ուսանողի վճարած գումարի հազիվ կեսն է կազմում, եթե հարկերն էլ հանենք, տակը բան չի մնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հավելում է, որ, օրինակ, անցյալ տարի 75 ուսանող են ընդունել պետպատվերով, ինչը ռեկտորի ձեւակերպմամբ՝ Հայաստանի Հանրապետության նման երկրի համար մեծ թիվ է. «Նույնիսկ ողջ Եվրոպայում միասին վերցրած 70-75 տաղանդավոր երեխա չի կարող սովորել պետպատվերով, իսկ մեր բոլոր այն դիմորդները, որոնք տաղանդավոր են, անգամ միջին ցուցանիշ ունեն, հնարավորություն ունեն սովորել պետպատվերի շրջանակներում»:

Շահեն Շահինյանն ասում է, որ մեծ տարբերություն կա պետպատվերով եւ վճարովի համակարգում սովորող ուսանողների պրոֆեսիոնալ մակարդակների միջեւ, հետեւաբար նրանց պատրաստելու համար լուրջ աշխատանք է տարվում: «Չկա աշխարհում որեւէ կոնսերվատորիա, որտեղ կրթությունն անվճար է, կոնսերվատորիան թանկ կրթություն է ապահովում: Օրինակ՝ բոլոր լսարաններում 70-80 ռոյալ կա, ամեն մեկը 100000 եվրո արժե, ինչպե՞ս պետք է նման գործիքներ ձեռք բերենք կամ ո՞վ պետք է դրանց համար վճարի, եթե վարձավճարները չբարձրանան: Էլ չեմ խոսում այն մասին, որ ի տարբերություն այլ բուհերի, կոնսերվատորիայում ամեն ուսանողի անհատական դասախոսությունների քանակը 10 անգամ ավելի շատ է: Մենք համարյա ինչքան ուսանող, այնդքան էլ աշխատող ունենք, եթե չվճարենք, այդ մարդիկ հո սովամահ չե՞ն լինելու: Այսօր Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը ստանում է աշխարհում ամենացածր աշխատավարձը:

Ի դեպ, դասական վոկալ սովորողներից յուրաքանչյուրի համար 11-12 անհատական դասեր են անցկացվում, եթե հաշվենք, թե քանի դասախոս է մեկ ուսանողի վրա աշխատում, կստացվի, որ իր ուսման վարձի 50 տոկոսն էլ չի հերիքի դասախոսներին վճարելու համար»,-շեշտում է ռեկտորը:

Նա տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարվանից 800000 դրամ պետք է վճարեն դասական վոկալի համար, իսկ գործիքային կատարողները՝ 700000 դրամ: Բարձրացումները վերաբերելու են միայն առաջին կուրս ընդունվածներին: Ռեկտորը չմոռացավ նշել, որ քիչ չեն այն ուսանողները, որոնք, իր բառերով, միլիարդավոր թղթեր են բերում, ուսման վարձերը զեղչելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031