Այսօր Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության եւ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսկան կազմի եւ ուսանողության միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մայր բուհի դասախոսներն եւ ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել Քուվեյթի բարձրաստիճան պաշտոնյային:
Հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ սկսած սիրիական հարցից, կրթաթոշակներից, մինչեւ Քուվեյթի հայ համայնք եւ ԵՊՀ-ում իսլամագիտության կենտրոնի բացում:
Դահլիճում ներկաներից մեկի հարցը վերաբերում էր Քուվեյթի հայ համայնքին, քուվեյթահայերի կենցաղին:
Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ալ-Ռաշիդը նշեց, որ Քուվեյթում ապրում է շուրջ 7-10 հազար հայ:
Կարդացեք նաև
«Քուվեյթի հայ համայնքը մեծ ներդրում ունի մեր երկրում: Հայերը մեր երկրում հիմնականում զբաղվում են առեւտրով, ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով, ռեստորաններ ու ճաշարաններ ունեն: Նրանք Քուվեյթում իրենց զգում են ոչ թե որպես երկրորդ հայրենիքում, այլ՝ հենց որպես առաջին հայրենիքում: Ես համոզված եմ, որ ապագայում մեր երկու երկրների միջեւ համագործակցությունը էլ ավելի կխորանա: Դուք Քուվեյթում մի այնպիսի դեսպան ունեք….Այսօր նաեւ նրա շնորհիվ է, որ ես այստեղ եմ»,- ասաց Ալի Ալ-Ռաշիդը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ