Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակամ կառույցները խոչընդոտում են անձրեւաջրերի հեղեղատարներին (Տեսանյութ)

Մայիս 31,2013 14:17

«Երեւանջուր» ընկերությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ ջրային համակարգի ապօրինի կառույցները քանդելու պահանջով

Վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւները, որոնց հետեւանքով առաջացած անձրեւաջրերից մայրաքաղաքի մի շարք փողոցներում լճեր ու գետեր էին գոյացել, անձրեւաջրերի հեռացման համակարգի հին լինելով է պայմանավորված: Այսօր Երեւանի քաղաքապետարանում այս մասին փաստեցին

Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանն ու «Երեւանջուր» ընկերության Արեւելք շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը: 1970-ականներին կառուցված ջրահեռացման համակարգը

կապիտալ փոխելու, վերանորոգելու համար, պարոն Օհանյանի տվյալներով, կպահանջվի երեքից չորս միլիարդ դրամ: Սակայն գումարների բացակայության պատճառով հեղեղատարները նորոգվում ու փոխվում են առաջնահերթ այն փողոցներում, որտեղ անձրեւներից հետո անանցանելի վիճակ է ստեղծվում:

«Այս գարնանը տրոպիկական գոտիներին անձրեւներ եկան, մեզ համար անսպասելի էին նման հորդառատ անձրեւները: Մայրաքաղաքի որոշ փողոցներում անգամ փոքրածավալ անձրեւների դեպքում մենք ունենում ենք անձրեւաջրերի կուտակումներ, փողոցները դառնում են անանցանելի, վերջերս տեղացած անձրեւներն առաջացրեցին ջրային մեծ հոսքեր եւ այդ պատճառով անձրեւատարների տրամագիծը թույլ չտվեց այդքան մեծ ծավալի հոսքեր սպասարկելու»,-ասաց Կարապետ Օհանյանը: Ըստ նրա, մի շարք փողոցներում՝  Չարենց-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Աճառյան փողոցի բուսաբանական այգու հատվածում,  Նոր Նորք վարչական շրջանի որոշ փողոցներում անձրեւատարների հարցը լուծվել է: Նրա վստահեցմամբ, 1 ամսից կունենան ռազմավարական ծրագիր, որով կվերանայեն անձրեւատար համակարգի ռազմավարությունը:

Պարոն Օհանյանը հայտնեց, որ անձրեւաջրերի կուտակումների մասով իրենց մասնաբաժինն ունեն նաեւ բնակիչները, որոնք «կամայական եւ անթույլատրելի կառուցապատումներ են անում»:

Կառլեն Ղազարյանի ներկայացմամբ, արդեն վերակառուցվել են Ռուբինյան, Խորենացի, Սեւանի, Թեւոսյան, Սարի Թաղի, Ծխախոտագործների փողոցների անձրեւատար հատվածները: Պարոն Ղազարյանի խոսքերով, սրանք այն փողոցներն են, որոնք «անձրեւաջրերի քրոնիկ կուտակումներ են ունենում»:

Նա նաեւ հայտնեց, որ վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւների ժամանակ փողոցները ջրերից հեռացնելու համար մասնագետները գիշեր-ցերեկ աշխատել են: Կառլեն Ղազարյանը նաեւ հայտնեց, որ կապիտալ վերանորոգված, ասֆալտապատված փողոցներում փոխվել են նաեւ ջրահեռացման համակարգերը եւ նոր ասֆալտապատված փողոցները կարիք չի լինելու ջրահեռացման համակարգերը վերանորոգելու համար քանդել:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե Նորք-Մարաշ համայնք տանող գլխավոր ճանապարհը մեկ ամիս առաջ է վերանորոգվել, սակայն դրանից հետո ավելի են շատացել անձրեւաջրերը եւ նոր ասֆալտապատված փողոցում անգամ ոչ հորդառատ անձրեւներին գետեր են գոյանում: Պարոն Օհանյանն ասաց, որ այդ փողոցում չկա եւ երբեք չի եղել ջրահեռացման համակարգ: Մեր մյուս հարցին, թե «Երեւանջուր» ընկերությունը դիմե՞լ է քաղաքապետարան ջրային համակարգին խանգարող ինքնակամ կառույցները ապամոնտաժելու պահանջով, Կարապետ Օհանյանի պատասխանը՝ տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031