Կապանում վերջին օրերին շարունակ տեղացող հորդառատ անձրեւներից հետո Կապանի մի շարք թաղամասերին կրկին պղտոր ջուր է մատակարարվել: Նշենք, որ ամեն տարի գարնանային հորդառատ տեղումներից հետո ժամանակ առ ժամանակ Կապանի բնակչությանը պղտոր ջուր է մատակարարվում, ինչը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասը պայմանավորում է խմելու ջրի մաքրման կայանի անմխիթար վիճակի հետ, պարզաբանելով, որ մաքրման կայանը չի հասցնում լիարժեք մաքրի կայան մտնող մեծ քանակությամբ ջուրը, իսկ կապանցիներին մատակարարվող խմելու ջուրը վերցվում է գետի ջրից: Այս օրերին խմելու ջրի որակի հետ կապված կրկին դժգոհություններ էինք ստանում մարզկենտրոնի տարբեր թաղամասերից: «Երեկ կեսօրից հետո ծորակով պղտոր ջուր էր գալիս, հողի գույն ուներ, բանկայի մեջ լցրեցինք, որ նստվածք տա՝ կարողանանք օգտագործենք, բայց հողի ու ավազի հատիկներն էնքան շատ էին, որ պիտանի չէր օգտագործման համար, ստիպված խանութից շշալցված ջուր առանք, մինչեւ որ կրկին մաքուր ջուր տվեցին», -ասացին Կապանի Շինարարների թաղամասի բնակիչները: Նախորդող օրերին էլ Շահումյան փողոցի բաժանորդներն էին նույն խնդրին բախվել եւ հարցի լուծման ավանդական տարբերակին անցել: «Տանը փոքր երեխա ունենք, վախեցանք էդ ջուրը նույնիսկ եռացնելուց հետո տանք, խանութից մի քանի շիշ ջուր ենք վերցրել օգտագործել: Էնքան կեղտոտ ջուր էր, որ նույնիսկ էդ ջրով երեխուն չուզեցի լողացնեմ, երկու օր էդ վիճակն էր», -ասաց տվյալ թաղամասի բնակչուհի Կարինեն: Իսկ այսօր առավոտյան պղտոր ջուր են ստացել Մելիք Ստեփանյան փողոցի բնակիչները, կես կատակ- կես լուրջ նշում են, որ անձրեւներից հետո նման երեւույթն արդեն սովորական է դարձել: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը նշեց, որ հիմնականում քաղաքի այն թաղամասերն են նման որակի ջուր ստացել, որտեղ խմելու ջուրը մատակարարվում է գետի ջրից, իսկ մյուս թաղամասերը, որտեղ խմելու ջուրը սնուցվում է խմելու ջրի աղբյուրից՝ նման խնդիր չի եղել: Պարոն Գեւորգյանի փոխանցմամբ՝ մաքրման կայանում վերանորոգման, նոր սարքավորումների տեղադրման աշխատանքներ կտարվեն ամռանը՝ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցներով, սարքավորումներն արդեն ձեռք են բերվել եւ տեղադրման աշխատանքներից հետո, արդեն նման խնդիրներ ջրամատակարարման համակարգում չեն լինի:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ