Այսօր ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Անդրես Հերկելը ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, որն անցկացվում է Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրեց, թե ՀՀ-ն որքանո՞վ է պատրաստ զիջումների գնալ ԼՂ հակամարտության հարցում:
Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանի հետ զրույցում հետաքրքրվեց` այն, որ ԵԽԽՎ պատվիրակները բարձրացնում են ՀՀ-ի` ԼՂՀ հարցում զիջումների գնալու հարցը, արդյոք սա ՀՀ արտաքին քաղաքականության բացթողմա՞ն արդյունք է, թե՞ խնդիրն այլ է: Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չէի համարի, որ սա ինչ-որ կոնկրետ բացթողում է հայկական կողմից: Ուղղակի, քանի որ ՀՀ-ն ստանձնել է նախագահողի դերը ԵԽԽՎ նախարարների կոմիտեում, սա հնարավորություն է մշտական հանձնաժողովի անդամների համար ՀՀ ԱԳ նախարարին հարց տալ, թե ինչ զիջումների է պատրաստ ՀՀ-ն»:
Լ. Զուրաբյանը խնդիրն այլ դաշտում է տեսնում և մանրամասնում. «ՀՀ ապաշնորհ դիվանագիտության պատճառով 1998-ից հետո կոնֆլիկտի ձևաչափի ընկալումը միջազգային հանրության կողմից էվոլյուցիա է ապրել: Եթե մինչ այդ կոնֆլիկտն ընկալվում էր որպես հակամարտություն ԼՂՀ ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ձգտման միջև, ապա այն բանից հետո, երբ ՀՀ-ն գնաց բանակցությունների ձևաչափի փոփոխման, մի կողմ դրեց այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն արդեն ճանաչվել էր ԵԱՀԿ-ի կողմից բանակցող և հակամարտության կողմ, փոխվեց նաև կոնֆլիկտի ձևաչափի ընկալումը միջազգային հանրության կողմից: Այն սկսեց ընկալվել որպես տարածքային վեճ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Սա էր հիմնական ռազմավարական սխալը, որ ՀՀ իշխանությունները թույլ տվեցին 1998-ից հետո, ինչը մինչ այժմ շարունակվում է և որի պտուղները մենք այժմ քաղում ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ