Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեկիրթ» լեյտենանտը ծեծվել է

Մայիս 31,2013 13:23

2003 թվականից գործողության մեջ է դրվել ՀՀ   քրեական օրենսգիրքը, որի որոշ հոդվածներ, իրավաբաններից շատերի գնահատմամբ, գրեթե բառացի թարգմանված են ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներից, բացառությամբ պատժաչափի, որի հարցում դրսևորվել է առանձնահատուկ «հայկական» մոտեցում: Այսպես, «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ» բաժնի  ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի՝ «Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը», առաջին մասը սահմանում է. «Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետի ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով»: Նշված հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նույն արարքը , որը կատարվել է

  1. Մի խումբ անձանց կողմից
  2. Զենք գործադրելով
  3. Առողջությանը միջին ծանրության կամ ծանր  վնաս կամ այլ ծանր հետևանքներ պատճառելով

Պատժվում է ազատազրկմամբ 3-12 տարի ժամկետով և այլն: Նշված հոդվածի 2-րդ մասով ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է պատիժ՝  ազատազրկում մինչև 8 տարի ժամկետով: Այս բոլորը ներկայացնում եմ այն բանի համար, որ մեր ժամկետային զինծառայողների մեծ մասը ծանոթ չեն զինվորական ծառայության կարգի դեմ  ուղղված հանցագործություններին, շատ հաճախ  առաջնորդվում են զգացմունքներով և ծառայությունը չավարտած՝ հայտնվում են անազատության մեջ:

Aravot.am-ի տեղեկություններով, ներկայումս Սյունիքի մարզի դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որով 10-ը զինծառայողներից 9-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 358-րդ հոդվածի 2-րդ մասով,  այն բանի համար, որ նրանք հանդիսանալով զինծառայողներ, կոչումով շարքայիններ և եֆրեյտոր, սերժանտ և ավագ սերժանտ, միասին զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, այն է՝ իրենց պետի՝ նույն գումարտակի դասակի հրամանատար՝ լեյտենանտ Ա. Մ.-ի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելու արդյունքում վերջիններիս կողմից իր հասցեին հնչեցված վիրավորական  արտահայտություններին վերջ տալու  և իր որպես հրամանատարի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու պահանջի պատճառով 2012 թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 23:00-ի սահմաններում, գումարտակի 3-րդ վաշտի զորանոցի մասնաշենքի դիմաց խմբով մասնակցել են լեյտենանտի ծեծելուն՝ բռնություն գործադրել նրա նկատմամբ, ինչի արդյունքում նրան պատճառվել են  առողջության  թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Իրականում նորանշանակ լեյտենանտը, լինելով ծառայության  «Եղնիկներ» կոչվող զորամասում,   զինծառայողների կողմից սպաների, այդ թվում իր նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու համար ընտրել էր արտասովոր ճանապարհ. 2012 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 22:00-ին, գիշերային անվանականչի ժամանակ գումարտակի ողջ անձնակազմի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել զինծառայողների մայրերի հասցեին, որից հետո ասել է՝ ով իր հետևից այսուհետ ռեպլիկներ բաց թողնի՝ անբարոյականի որդի կլինի: Ըստ մեր տեղեկությունների, լեյտենանտի նման արտահայտությունից զինվորների մի մասն ըմբոստացել են, նրա արտահայտություններն ընդունել են անարգանք իրենց ծնողների հասցեին և բռնություն են գործադրել նրա նկատմամբ, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակել: Ի դեպ, դեպքի մասին տեղեկացել է զորամասի հրամանատարը, պահանջել է լեյտենանտից՝ ներողություն խնդրել անձնակազմից իր արտահայտությունների համար, որը կատարվել է նրա կողմից, սակայն զինծառայողները նրան չեն ներել: Զորամասի հրամանատարությունը  դրանից հետո ոչինչ չի ձեռնարկել և արդյունքում, ճաղերի ետևում են հայտնվել 10 զինծառայողներից 8-ը, որոնց մի մասը պետք է  2 ամսից զորացրվեր: Մնում է հարցնել. ինչպես պատահեց, որ 20 ամիս բարեխիղճ  զինծառայություն կատարած, խրախուսված, տարբեր կոչումների արժանացած զինծառայողները դարձան հանցանք կատարածներ, իսկ լեյտենանտի վարքագիծը դիտվեց և գնահատվեց ընդամենը… որպես բարեկրթության պակաս: Նշված հոդվածով 9-ը զինծառայողներ ներկայումս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն ազատազրկման 3-12 տարի ժամկետով և դատապարտվելու դեպքում մենք կորցնում ենք 9-ը զինծառայողների և նրանց զրկում ենք հետագա ծառայությունից, պայմաններ ստեղծելով, որ նրանք համալրեն  հանցագործ աշխարհի շարքերը: Նշված դեպքը խորհելու տեղիք պետք է տա ՀՀ գլխավոր դատախազին, զինվորական դատախազին, պաշտպանության նախարարին, ռազմական ինստիտուտի դասախոսական կազմին  և հասարակությանը:

Հունիսի 12-ին Ստեփանակերտում տեղի կունենա անդրանիկ դատական նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031