Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ մեզ հետեւողը լույսն է

Մայիս 31,2013 13:35

Իսկ հետո, երբ ամեն ինչ արդեն արարված էր, եւ  երբ Աստված իրեն հրեշտակներից բաժանել էր կրակով, իսկ հրեշտակներին մարդկանցից՝ ջրով, եւ երբ բոլորի հանգրվանն արդեն հողն էր այսու, պարզվեց, որ մարդն իր ստվերից չի կարող փախչել: Քանի որ կրակով ու ջրով Աստծուց արդեն բաժանված մարդը կրում է իր բախտի հողեղեն նախասահմանումը եւ արժանանում է նրան, ինչն իր կյանքով վաստակել է:

Չգիտեմ՝ ինձ հետ կհամաձայներ հայոց պետականության բախտի պահապան, հավերժական անքնությամբ տառապող Խորենացին, թե ոչ, բայց մեկ բանում վստահ եմ հաստատ, որ մեր հազարամյակների անցած բրոնզե սրի նման օր օրի ժանգոտվող պատմության մեծագույն մարգարեն դարձյալ կասեր՝ մի՛ դավադրեք սեփական ազգընտիր թագավորին եւ դրսից օտարածին, թվացյալ առողջ ուժեր մի՛ հրավիրեք ձեր պետության դեմ եւ մի՛ արեք այնպես, որ օտարի շունչը մտնի  մեր երեւելի ազգի սրբազան հողը:

Եվ մի՛ գայթակղեք սեփական ժողովրդին թվացյալ խորիմաստ խոսք ու խոստումներով, քանի որ գործունյա, հեռատես առաջնորդի սխալն անգամ ավելի բարիք է բերում երկրին, քան միայն խելոք խոսքերով հնչեցրած թվացյալ ճիշտը…

Մա՞րդն է հետեւում իր ստվերին, թե՞ ստվերն է հետեւում մարդուն, իհարկե՝ որոշողը լույսն է, թե որ կողմից է ընկնում, բայց ըստ էության ոչինչ չի փոխվում, քանի որ մարդն իր ստվերից անբաժան է: Ենթադրում եմ, թե մեր ստվերը մեր ապրած կյանքն է, որ երբեմն հայտնվում է մեր դիմաց, որպեսզի մենք վերապրենք, տեսնենք, թե ինչ կյանքով ենք ապրել, իսկ հաճախ հետեւում, հետապնդում է մեզ, որ հիշեցնի մեզ մեր ապրածը:

Իսկ մարդու կյանքը, բացի բազմաթիվ խորհրդավոր, երբեմն անընկալելի ելեւէջներ ունենալուց, ունի նաեւ զարմանալի մի հատկանիշ. սեփական հայրենիք ու պետություն ունեցող մարդը օտարության մեջ անգամ իրեն տեր կզգա, իսկ հայրենիք ու պետություն չունեցողը սեփական հողի վրա կապրի թափառականի պես: Եվ հիմա կրակի ու ջրի հարեւանութամբ ապրողներիս, այսինքն՝ մեզ, մնում է նոր ժամանակների մեջ հաստատել ու կնիքել մեր բնույթն ու դիմագիծը: Եվ  բացի ազատասեր եւ քաղաքակրթություն տարածող լինելուց, լինել հայրենապաշտ ու պետականամեծար, որոնց հիմնաքարին գրված է՝ Սիրիր մերձավորիդ, սիրիր քո ցեղը, ինչպես քո անձը կսիրեիր…

ՄԵՐՈՒԺԱՆ  ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031