«Հանուն ինքնահաստատման կամ ինչ-ինչ մերկանտիլ ձգտումների՝ չստանձնել փխրուն խաղաղությունը «տաք լուծումներով» փոխարինելու առաջարկի հեղինակային իրավունքի առաջամարտիկի դեր»:
«Չեմ կարծում, թե բանակցային գործընթացում իր մասնակցության հարցը կարգավորելու ուղղությամբ ԼՂՀ-ն երբեւէ թերացել է, որպեսզի այսօր նոր նախաձեռնությամբ հանդես գալու կարիքն ունենա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Պարոն Աթանեսյանից հետաքրքրվել էինք` ԼՂՀ-ն չի՞ պատրաստվում նոր նախաձեռնություններով հանդես գալ՝ բանակցային գործընթացում իր մասնակցության հարցը կարգավորելու համար, քանի որ ակնհայտ է, որ ԼՂ հարցի կարգավորման հերթական աշխուժացում է ակնկալվում, ինչի վկայությունն են վերջին շրջանում տարբեր միջազգային կառույցների պատասխանատուների կողմից արված մի շարք հայտարարությունները: «ԼՂՀ դիրքորոշումը, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցությունների բոլոր փուլերին, հայտնի է: Դրանով է պայմանավորված կարգավորման հնարավոր հաջողությունը, եւ ովքեր իրականում շահագրգռված են, որ հարցերը կարգավորվեն, պետք է իրենք նախաձեռնեն ԼՂՀ իրավահավասար ներգրավվածությունը բանակցություններին: Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ առկա իրավիճակը ձեռնտու է թե Ադրբեջանին, թե միջնորդներին: Իսկ այդ դեպքում խոստովանենք՝ ԼՂՀ համար չափազանց դժվար է «ճեղքում» նախաձեռնել»,- ասաց մեր զրուցակիցը:
Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրայզերը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իր մանդատը, եւ ԼՂ կարգավորման հարցում նոր մոտեցումների եւ ֆորմատների փնտրտուքի կարիք կա: Հետաքրքրվեցինք` նկատի առնելով այն, որ արդեն 25 տարի Մինսկի խմբի հովանու ներքո հարցն այդպես էլ չի մոտենում կարգավորման, կարելի՞ է փաստել, որ փորձագետն իրավացի է: ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը պատասխանեց. «Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրենը մեկ անգամ չէ, որ «սեւ գուշակությունների» է տրվում: Թվում է՝ այստեղ գործ ունենք Կասպից ավազանի էներգակիրներով շահագրգռվածության եւս մի դրսեւորման հետ, եթե ավելին չասեմ: Մի բան հաստատ է՝ Սաբինա Ֆրայզերը չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ է ձեւավորել, եւ նա չէ, որ պիտի «նոր ֆորմատներ» ստեղծի: Գայթակղությունը, թե միջազգային որեւէ այլ հարթակում կարելի է գտնել «արագ լուծումներ», չափազանց վտանգավոր է, տարածաշրջանի եւ Եվրոպայի համար՝ հղի լուրջ ցնցումների հեռանկարով: ՄՃԽ եվրոպական ծրագրերի տնօրենին խորհուրդ կտայի հանուն ինքնահաստատման կամ ինչ-ինչ մերկանտիլ ձգտումների չստանձնել փխրուն խաղաղությունը «տաք լուծումներով» փոխարինելու առաջարկի հեղինակային իրավունքի առաջամարտիկի դեր»:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած բավականին կոշտ հայտարարությունները՝ որ «ստատուս-քվոն, անշուշտ, անընդունելի է, ընդ որում՝ բոլորի համար: Առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինել, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակում, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստատուսի անընդունելիության հարցում», միանշանակ չընկալվեցին: Վահրամ Աթանեսյանից հետաքրքրվեցինք` հավանական համարո՞ւմ է ինքը, որ ՌԴ-ն կոշտ խոսքից կփորձի անցնել կոշտ գործողությունների դաշտ, ու ինչո՞վ կավարտվի դա: «Իմ ընկալմամբ՝ ՌԴ արտգործնախարարի հայտարարությանն ավելի սրված ուշադրություն է դարձվում, քան արժեր: Որեւէ նորություն Սերգեյ Լավրովը չի հնչեցրել, եթե նկատի ենք առնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները, այդ թվում եւ ՌԴ նախագահը, արդեն երեք անգամ հնչեցրել են ԼՂ կարգավորման ընդհանուր հայեցակարգը: Լավրովն ավելին չի ասել, քան Պուտինը կամ Մեդվեդեւը: Զուտ ընկալման առումով, իհարկե, այստեղ Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի հանգամանքը, երեւի, ազդեցություն ունի: Բայց չէ՞ որ վաղուց ժամանակն է, որպեսզի մենք զգացմունքայնությունից վեր կանգնենք: Արարողակարգն՝ արարողակարգ, իսկ իրականությունը՝ իրականություն»,- եղավ պատգամավորի պատասխանը:
Իսկ թե իրենց ռազմավարության եւ մարտավարության մեջ հայկական կողմերը ի՞նչ փոփոխությունների եւ նոր գերակայությունների խնդիրներ պետք է առաջ քաշեն, ըստ մեր զրուցակցի՝ «եթե հաջողվում է կարգավորման խնդիրը ուժի բեւեռների մրցակցության հարթություն տեղափոխել՝ Ադրբեջանի ձգտումները հավասարակշռել, արդեն իսկ հաջողություն է»: Նա կարծում է, որ դա այդպես է. «Հավելյալ նախաձեռնողականության հարցեր, իհարկե, պետք է քննարկվեն: Բայց այդ մասին իրադարձություններից առաջ ընկնելով չպետք է բարձրաձայնել»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ