Քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Ազգային ժողովի
նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը եւ նրա գլխավորած պատվիրակությունը այսօր առավոտյան հանդիպեցին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, որի ընթացքում ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները հնարավորություն ունեցան Ալի Ալ-Ռաշիդին ուղղել իրենց հարցերը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանը դեռ Իրաքի պատերազմի ժամանակ կողմ է եղել Քուվեյթի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը:
«Այսօր, երբ զարգանում են տեխնոլոգիաները, միայն ուսանողական փոխանակումները քիչ են: Մենք հույս ունենք, որ ձեր այցը կծառայի որպես պարարտ հող՝ մեր երկու երկրների միջեւ համագործակցությանը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ կարեւորելով Երեւանի պետական համալսարանի եւ Քուվեյթի համալսարանի միջեւ համագործակցությունը:
Կարդացեք նաև
Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ալ-Ռաշիդը իր հերթին նշեց, որ Հայաստանը ներդրումներ անելու համար հարմար գործընկեր է:
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ մենք քննարկեցինք շատ հարցեր եւ հասկացանք, որ ներդրումներ անելու համար մեր երկու երկրների միջեւ որեւէ խոչընդոտ չպիտի լինի: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներդրումներ անելու շատ հնարավորություններ կան, եւ մենք այդ ուղղությամբ անպայման կաշխատենք»:
Այն հարցին, թե ի՞նչ դիքորոշում ունի Քուվեյթը սիրիական հարցում, Ալի Ալ-Ռաշիդը պատասխանեց.
«Սիրիայի հարցը մեծ խնդիր է: Անպայման հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Մենք կողմ ենք, որ դադարեցվի արյունահեղությունը»:
Նա նաեւ նշեց, որ Քուվեյթի նախաձեռնությամբ արաբական մի շարք երկրներ մոտ 1.5 միլիարդ դոլար են տրամադրել քաղաքացիական պատերազմում տուժած սիրիացի ընտանիքներին:
Աշոտ ԱԹԱՅԱՆ