Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի՞ ստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը

Մայիս 31,2013 13:25

Անդրեյ Արեշեւը կարծում է, որ Կուրղինյանի արտահայտություններին արժե ականջալուր լինել եւ որոշ եզրակացություններ անել

– Սերժ Սարգսյանի՝ ՀԱՊԿ-ի եւ ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովներին չմասնակցությունը թեժ քննարկումների թեմա է դարձել մեզ մոտ: Փորձագետները կարծիք են հայտնում, թե Հայաստանը կարիք ունի ընկալվելու ավելին, քան Ռուսաստանի դաշնակից, կարիք ունի ընկալվելու որպես մի երկիր, որը խորացնում է իր կապերը ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ, եւ ահա Հայաստանի նախագահը մեսիջ ուղարկեց՝ ՌԴ-ի կողմից գազի սակագնի բարձրացման ու Եվրասիական միություն մուտք գործելու հարցում Մոսկվայի գործադրված ճնշումներին: Պարոն Արեշեւ, որքանո՞վ են արդարացված նման տեսակետները:

– ՀԱՊԿ-ի եւ ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովներին Սերժ Սարգսյանի բացակայությունը ենթարկվեց ինֆորմացիոն ինտրիգի: Այս առումով ես կուզենայի նկատել նախեւառաջ, որ այդ գագաթնաժողովը աշխատանքային էր, եւ բոլոր մասնակիցների համար հույժ կարեւոր փաստաթղթերի ստորագրում այնտեղ չէր նախատեսվում: Ինչ վերաբերում է ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովին, ապա այստեղ նախեւառաջ կարեւոր էր Ուկրաինայի նախագահի մասնակցությունը: Հիշեցնեմ պարզապես, որ բիշքեկյան գագաթնաժողովին չէր մասնակցում նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, բայց այդ առիթով կոնսպիրոլոգիական որեւէ վարկածներ առաջ չքաշվեցին: Իմ կարծիքով՝ Հայաստանի եւ ՌԴ-ի հարաբերությունները թե ՀԱՊԿ ձեւաչափում, թե երկկողմ ձեւաչափով զարգանում են կանխատեսելի հունով, համենայնդեպս՝ կողմերը բավականաչափ հնարավորություններ ունեն, որպեսզի «ուղղեն ժամերը» եւ համատեղ քայլեր ուրվագծեն: Այնպես որ՝ լուրջ ինտրիգ չեմ տեսնում:

Ինչ վերաբերում է գազի սակագնի բարձրացմանը, ապա կուզենայի հիշեցնել՝ այնո որ գազի սակագինը պետք է բարձրանար, հայտնի էր վաղուց, ամեն դեպքում, դեռ մի քանի ամիս առաջ, եւ հայկական կողմը դրա շուրջ համաձայնվել էր ռուսաստանցի գործընկերների հետ: Սակայն տեղեկատվական թոհուբոհը ալեկոծվեց, չգիտես ինչու, հիմա՝ այն բանից հետո, երբ ավարտվեցին բոլոր ընտրությունները: Հավանաբար դրա համար կային բավական հիմքեր, այդ թվում եւ՝ ներքաղաքական:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, ապա կարծում եմ՝ գոյություն ունեն ավելի մեծ սպասումներ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին: Այո, ԵՄ Ասոցացման անդամակցության որոշ փաստաթղթեր կարող են ընդունվել, բայց դրանից ամենեւին էլ չի բխում, որ համաձայնագիրը կստորագրվի։ Բացի դրանից՝ այդ փաստաթղթերի իմաստն այն է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ ինչպես կուզենա՝ կվարվի, իսկ Հայաստանը հազիվ թե այնքան լծակներ ունենա, որպեսզի ազդի այն որոշումների վրա, որոնք ընդունվում են ԵՄ-ում եւ վերաբերում են Հարավային Կովկասին ու մասնավորապես՝ Հայաստանին:

Կուզենայի պարզապես ուշադրություն հրավիրել, որպեսզի այսուհետեւ ավելի հանգիստ քննարկվեին այս տեսակ բոլոր հարցերը, չխճճեին դրանք միմյանց, մյուս կողմից նաեւ, այսպես կոչված՝ եվրոպական ինտեգրումը ճիշտ կլիներ հերթական չափազանցված սպասումներից զերծ պահել։

– Այսինքն՝ Դուք կասկածնե՞ր ունեք, որ ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիրը Հայաստանը կստորագրի:

– Ես կասկածներ ունեմ, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի, ինչպես նաեւ հետխորհրդային մյուս երկրների հետ, ներառյալ՝ Ռուսաստանի, փաստաթղթեր ստորագրելով՝ այդ երկրների շահերին համահունչ: ԵՄ-ն նախեւառաջ կհետապնդի իր շահերը, որը Հարավային Կովկասում կապված է առաջին հերթին՝ էներգետիկայի հետ, երկրորդ եւ երրորդ հերթին՝ դարձյալ էներգետիկայի հետ, սա անկասկած: Ինչ վերաբերում է նրան, որ հայ արտահանողները կստանան ավելի շատ արտոնություններ եվրոպական շուկայում, քան հիմա ունեն, այս առումով ես մեծ կասկածներ ունեմ:

– Օրերս Երեւան ժամանած ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հայտարարությունները բավական բացասական ընդունվեցին մեզ մոտ: Նա նախ նշեց, թե Հայաստանը պետք է ընտրի կամ ՌԴ-ի հետ եղբայրական հարաբերություններ, կամ փոխադարձ հետաքրքրություններ: Նա նաեւ հայտարարեց, թե Ղարաբաղին ադրբեջանական ագրեսիա չի սպառնում, այլ սպառնում է Հայաստանի կողմից հնարավոր դավաճանությունը: Պարոն Արեշեւ, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անվստահության ինչ-որ հիմքեր Դուք տեսնո՞ւմ եք վերջին շրջանում:

– Կուրղինյանի՝ Ձեր մատնանշած արտահայտություններին, իմ կարծիքով, Հայաստանում արժե ականջալուր լինեն եւ որոշ եզրակացություններ անեն: Ինձ մոտ որոշակի տպավորություն է, որ Աստված մի արասցե, եթե իրականություն դառնա, որ, այնուամենայնիվ, անվստահության հիմքեր միշտ կան երկու պետությունների միջեւ, այդ անվստահության պատճառները հասկանալի են՝ Հայաստանը եւ Ռուսաստանը անկախ երկրներ են, եւ յուրաքանչուրը ժամանակին բավականաչափ ջանքեր է գործադրել, որպեսզի հասնի իր անկախությանը: Լինելով դաշնակից երկրներ՝ նրանք գործում են անկախ երկրների ձեւաչափով, եւ իմ կարծիքով՝ պետք չէ նեղանալ, անհրաժեշտ է սթափ եւ ադեկվատ գնահատել իրավիճակը: Ռուսաստանը բավականաչափ աջակցում է Հայաստանին անվտանգության հարցով, ինչը չի բացառում ռազմական համագործակցությունը Եվրաատլանտյան դաշինքի հետ: Հայաստանը արտաքին կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, եւ որքանով ես եմ տեղյակ, ոչ ոք Ռուսաստանում այդ կուրսի համար Հայաստանին չի հանդիմանում: Բնական է, որ ՌԴ-ն էլ ունի իր դինամիկան այլ երկրների հետ հարաբերություններում, եւ դա կարելի է քննարկել: Այն, որ դա քննարկել է Կուրղինյանը, շատ դրական է, որովհետեւ դա լրացուցիչ անգամ խնդիրների նկատմամբ ուշադրություն է հրավիրում: Ինչ վերաբերում է «Հայաստանի կողմից հնարավոր դավաճանությանը» Ղարաբաղի նկատմամբ, ապա, իմ կարծիքով, դա տեղի չի ունենա, նման որեւէ հիմքեր չկան:

– Լավ, իսկ ի՞նչ կասեք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին, երբ մի քանի օր առաջ նա իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում նշեց. «…ստատուս-քվոն նշանակում է, որ ադրբեջանական տարածքների վերադարձման հարցը չի լուծվել, նշանակում է նաեւ Հայաստանի տնտեսական շրջափակում»: ԱԳ նախարարի հայտարարությունները հիմք ընդունելով՝ վստահաբար, ինչ-որ եզրակացություններ պետք է անել:

– Դիվանագիտական լեզուն իր առանձնահատկություններն ունի: Դուք եւ Հայաստանում էլի ոմանք այդպես եք մեկնաբանում, ես Լավրովի հայտարարությունները մեկնաբանում եմ ԼՂ-ի շուրջ ստեղծված ստատուս-քվոյի պահպանման եւ հակամարտության խաղաղ եւ դիվանագիտական լուծման համատեքստում։ Իսկ ինչ վերաբերում է կոմունիկացիաներին առնչվող հարցին, ապա հարկ է նկատել, որ Հայաստանի որոշ ներկայացուցիչների կողմից էլ ենք լսել տեսակետներ, որ ԼՂ-ի շուրջ տարածքները, համենայնդպես, Հայաստանինը չեն: Բայց այդ հայտարարությունները, որոնք կարելի է այս կամ այն տեսանկյունից դիտարկել, այս կամ այն գործընթացի հետ կապել՝ երկարաժամկետ եզրահանգումների առիթ չարժե դարձնել:

Ռուսաստանի կողմից դիրքորոշման փոփոխություն ես չեմ տեսնում Ղարաբաղյան հակամարտության խնդրում, ՌԴ դիրքորոշումն ուղղված է հակամարտության խաղաղ, քաղաքական կարգավորմանը՝ փոխզիջումների հիման վրա: Բայց դրանց բացակայության պայմաններում, իհարկե, որեւէ այլընտրանք չկա, քան ներկա ստատուս-քվոյի պահպանումը, նման այլընտրանք կարող էր լինել միայն հակամարտության սրման պայմաններում, ինչին Ռուսաստանը դեմ է հանդես գալիս բոլոր մակարդակներով եւ օգտագործում է բոլոր միջոցները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031