Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Գալստյան. «Ցանկացած օլիգարխ ուզում է իր թոռան համար մի հատ ՀԷԿ ունենալ» (Տեսանյութ)

Մայիս 31,2013 13:12

Այսօր «Ելակետ» ակումբում Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում արձանագրված խախտումների եւ պետական մարմինների հանցավոր անգործությանն անդրադարձան Համահայկական բնապահպանական Ճակատի (ՀԲՃ) անդամներ Լեւոն Գալստյանը, Տիգրան Զարիկյանը եւ Անի Նավասարդյանը:

«Այս պատմությունը յոթ-ութ ամսվա շարժ ունի: Անցյալ տարի Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի գյուղացիներն ահազանգել էին մեզ, մենք  էլ փորձեցինք պարզել կա արդյոք փաստաթուղթ, որ  ՀԵԿ-ի կառուցման աշխատանքներն օրինական են: Հետաքրքրվեցինք, ասացին, որ փաստաթուղթ չկա, սակայն հինգ օր անց հանկարծ փաստաթուղթ հայտնվեց ու բոլորս էլ գիտենք, թե ինչպես: Փաստաթուղթն ընդունելուց հետո արագ լսումներ անցկացրեցին այնտեղ, ապա Երեւանում արագացված լսումներ եղան եւ դրական եզրակացություն տրվեց ՀԵԿ-ի շինարարությունն սկսելու համար»,- ասաց Լեւոն Գալստյանն:

Նշենք, որ մայիսի 28-ին Կանաչ ջոկատն այցելել էր Տավուշի մարզի Գետահովիտ գյուղ` պարզելու թե ինչ աշխատանքներ են կատարվում այդ պահին Խաչաղբյուր գետի վրա` Իջեւանի արգելավայրի տարածքում կառուցվող 2-րդ փոքր ՀԷԿ-ում, ինչպես նաեւ՝ ճշտելու գյուղացիների կարծիքը: Կանաչ ջոկատի անդամների եւ գյուղացիների զրույցից պարզ է դարձել, որ գյուղացիներին տարբեր միջոցներով ճնշել եւ վախեցրել են` նախորդ անգամ պայքարի դուրս գալու եւ այդ նույն ՀԷԿ-ի կառուցումը կասեցնելու համար: Նրանց ստիպել են լռել եւ այլեւս ձայն չբարձրացնել կառուցվող ՀԷԿ-ի դեմ, մինչդեռ Գետահովիտի բնակիչները դեռ մի քանի ամիս առաջ ոտքի էին կանգնել եւ դադարեցրել ՀԷԿ-ի կառուցումը:

Գալստյանի խոսքով` բոլոր նրանք, ովքեր ստորագրել են այդ փաստաթղթի տակ` պետք է պատասխանատվություն կրեն: Նա հայտնեց, որ  իրենք արդեն հայտարարություն են տվել ոստիկանությանը, իսկ այս դեպքի հետ կապված ասաց` եթե ինքը քննիչ լիներ, առնվազն հինգ քրեական գործ կհարուցեր, բայց այստեղ շուրջ վեց ամիս ոչինչ չի արվել:

«Ցանկացած պաշտոնյա, օլիգարխ, այսօր ուզում է իր թոռան համար մի հատ ՀԷԿ ունենալ, բայց ցավոք մենք այդքան գետ չունենք… ՀԷԿ-երը, դա բիզնեսի աղբյուր է, ու այն չի կարղ բնապահպանական ու այլ հետեւանքներ չունենալ»,- հավելեց Գալստյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031