Օրերս անդրադարձել էինք ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում ավարտական աշխատանքների գնահատաման ընթացակարգին և դրանց դեմ ուսանողների դժգոհությանը: Այս կապակցությամբ ներկայացնում ենք նաև ֆակուլտետի ղեկավարության դիրքորոշումը:
Ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն ասում է, որ ավարտական աշխատանքների պաշտպանությունը ևս ամփոփիչ քննություն է և դրա գնահատումը միայն աշխատանքով, դրա պաշտպանությամբ և գրախոսությամբ չի լինում:
«Ուսանողների 4 տարվա առաջադիմությունը ևս կարևոր գործոն է, քանի որ սա ամփոփիչ քննություն է: Եթե ինչ-որ մեկը 4 տարի սովորել է 8-երով, մենք չենք կարող նրա ավարտական աշխատանքը գնահատել 20: Ինչպես նաև հնարավոր է, որ ուսումնառության ողջ ընթացքում 20-երով սովորած մի ուսանողը գա և պաշտպանության ժամանակ արգելակվի, չկարողանա խոսել, մենք չենք կարող նրան անբավարար նշանակել: Մենք այդ ժամանակ նայում ենք ուսանողների ՄՈԳ-ին: Ավարտական աշխատանքը և գրախոսությունը երկրորդական, երրորդական հանգամանքներ են: Ուսանողը ասում է. «Իմ գրախոսն ինձ 20 է առաջարկել, դուք ինչո՞ւ եք իջեցնում իմ գնահատականը»: Եթե միայն գրախոսի առաջարկած գնահատականով լիներ, էլ ինչո՞ւ ենք հանձնաժողով կազմում: Բացի դրանից, կարող է ինչ-որ մեկը ուրիշի գրած դիպլոմայինը ներկայացնի: Մենք միայն դրանց վրա հիմնվելով չենք գնահատում: Գուցե ոչ առաջնային, բայց կարևոր հանգամանք է ուսանողի 4 տարվա առաջադիմությունը»,-ասում է ֆակուլտետի դեկանը:
Սակայն ֆակուլտետում ոչ բոլորն են այսկերպ մտածում. Հայ նորագույն գրականության ամբիոնի դասախոս Լարիսա Մնացականյանը համաձայն չէ ավարտական աշխատանքները գնահատելու այս մոտեցման հետ. «Ուսումնառության ընթացքում ուսանողը կարող է ունենալ բազմաթիվ խնդիրներ, որոնք կխանգարեն նրան` բարձր առաջադիմությամբ սովորել, բայց նա կարող է արտակարգ ավարատական աշխատանք ներկայացնել: Ավարտական աշխատանքը 4 տարիներին ստացած գնահատականների հիման վրա գնահատելը սխալ է. բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ուսանողներից շատերը արտագրում են և ստանում բարձր գնահատականներ, իսկ ով չի արտագրում, երբեմն ստանում է ցածր գնահատական, այդ գնահատականները հաճախ ոչ օբյեկտիվ են»,- նկատում է տիկին Մնացականյանը և հավելում, որ եթե այդ մոտեցմամբ են գնահատելու աշխատանքները, ուրեմն անիմաստ է դառնում ավարտական աշխատանքներ ղեկավարելը.«Էլ ինչո՞ւ են ինձ վճարում ավարտական աշխատանք ղեկավարելու համար, եթե իմ դիպլոմնիկի աշխատանքը գնահատելու են այլ դասախոսների նշանակած գնահատակնների հիման վրա: Իմ դիպլոմնիկներից մեկը հրաշալի աշխատանք էր գրել, գրախոսը առաջարկեց 20 միավոր, սակայն վերջում տղային նշանակեցին 17` պատճառաբանելով, որ ընթացքում ցածր գնահատականներ է ստացել: Դա ի՞նչ կապ ունի, եթե նա իր ավարտական աշխատանքը գրել է ինքնուրույն և գրել է շատ լավ»,-ասում է դասախոսը, որի կարծիքով այդպիսի մոտեցումը շատ է կոտրում ուսանողներին:
Հռիփսիմե Գալստյան