Այս հարցը սկսել է հետաքրքրել նաեւ Շիրակի նորանշանակ դատախազին
Գյումրու փոխքաղաքապետ, մասնագիտությամբ իրավաբան Գուրգեն Մալխասյանի փաստելով՝ համայնքային բյուջեով իրենք նախատեսել են 14 միլիոն դրամ հավաքագրել Գյումրու ավտոկայանատեղիներից, սակայն դա ոչ մի կերպ իրագործել չի հաջողվում, քանի որ Վարդան Ղուկասյանը այդ հողատարածքները 99 տարի վարձակալությամբ տրամադրել է Տարոն Գասպարյան անուն-ազգանվամբ մի անձի, վերջինս էլ տեղական տուրքը հավաքում ու իր գրպանն է դնում: Իսկ թե ո ՞վ է Տարոն Գասպարյանը, նրա թիկունքում Վարդան Ղուկասյա՞նն է՝ փոխքաղաքապետը խուսափում է պաշտոնապես հայտարարել՝ նշելով միայն, որ Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի հաշվարկներով՝ 15 ավտոկայանատեղիներից տարեկան ստանում են 200.000 դոլարի ապօրինի շահույթ: Փոխքաղաքապետը իրավաբանորեն է բացատրում խնդիրը՝ փաստելով, որ, ըստ 2011 թվականին ընդունված օրենքի, ավտոկայանատեղիներ կազմակերպելու իրավունքը հանձնված է միայն քաղաքապետարանին, իսկ մեքենայատերերից գանձվող գումարը կոչվում է տեղական տուրք, որը պարտադիր պետք է մուտքագրվի համայնքային բյուջե: «Մինչեւ 2011 թվականի հունիսը՝ օրենքի ուժի մեջ մտնելը, Գյումրիում թվով 12 կայանատեղիների համար հող է տրամադրվել: Էդ ժամանակ էդ ոլորտը կարգավորված չի եղել, եւ կառուցապատման իրավունքով հողամասում քաղաքացին որեւէ արգելք չի ունեցել ավտոկայանատեղի կազմակերպելու համար: Դա ձեռնարկատիրական գործունեություն է դիտվել: Ուժի մեջ մտնելուց հետո օրենքը կարգավորել է էդ հարաբերությունը, եւ քանի որ ինքնին ավտոկայանատեղիի կազմակերպիչը որեւէ ծառայություն չի մատուցում ավտոն կանգնեցնողին՝ եթե մեքենան փախցնեն, խփեն, ջարդեն, գողանան, ոչ մի պատասխանատվություն չի կրում, այդ ամբողջի տրամաբանության մեջ ասվում է, որ համայնքի տարածքում ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք ունի միայն համայնքը, քանի որ այդ գումարը, որ տալիս է մարդը, դա տեղական տուրք է կոչվում, որը բավականին լուրջ թիվ է»,- բացատրում է փոխքաղաքապետը:
Ըստ նրա՝ օրենքի ընդունումից հետո, իրավաբանական տերմինով ասած, ինքնիրավչություն է որեւէ անձի կողմից տեղական տուրք հավաքագրելը եւ այդ գումարը գրպանը դնելը: «Ընդ որում, 3 ավտոկայանատեղիների մասին նախորդ իշխանությունները որոշում են կայացրել արդեն իսկ գործող օրենքի առկայության ժամանակ»,- նկատում է փոխքաղաքապետը:
Գյումրու նորանշանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ որոշել է ուժը կորցրած ու անվավեր ճանաչել նախորդի՝ Վարդան Ղուկասյանի՝ ավտոկայանատեղի կազմակերպելու մասին որոշումները, որին հաջորդել է պայմանագրերի լուծարումը: Սակայն Տարոն Գասպարյանը չի համաձայնել պայմանագրի լուծարմանը՝ պնդելով, որ 99 տարով իրեն են տվել, եւ ինքը 99 տարի պետք է օգտագործի դա: Այդուհանդերձ, Գյումրու քաղաքապետարանը, ըստ օրենքի, միակողմանի լուծարել է պայմանագիրը: Գուրգեն Մալխասյանը՝ գտնելով, որ այդ մարդու գործողություններում հանցանք կա, նա զբաղվում է ինքնիրավչությամբ, որը պատիժ է նախատեսում ՀՀ Քրեական օրենսգրքի 322 հոդվածով, դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով քրեական գործ հարուցել: Սակայն նախաքննական մարմինը մերժել է քրեական գործի հարուցումը՝ պատճառաբանելով, որ հանցակազմ չկա: Գյումրու քաղաքապետարանը ստիպված է եղել դատի տալ նախաքննական մարմնին: Ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել հօգուտ քաղաքապետարանի՝ նախաքննական մարմնին պարտավորեցնելով հարուցել քրեական գործ: «Հետաքննության մարմինը, գործով մասնակից դատախազը բողոք բերեց ընդհանուր իրավասության դատարանի ակտի դեմ՝ վերաքննության կարգով լսելու համար: Բողոքին մենք պատասխան ներկայացրինք: Այդ ընթացքում՝ դատաքննությունից մի 2-3 օր առաջ, մարզի դատախազը՝ գտնելով, որ բողոքի հիմքերը հիմնավոր չեն, հետ վերցրեց իր ենթակա դատախազի բողոքը: Եվ այսպես ուժի մեջ մտավ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, եւ հարուցվեց քրեական գործ»,- ներկայացնում է փոխքաղաքապետը: Գյումրու քաղաքապետարանը դիմել էր նաեւ կադաստրին՝ չեղյալ համարելու իրավունքների պետական գրանցումը այդ հողերի նկատմամբ, սակայն կադաստրը չի բավարարել քաղաքապետարանի պահանջը, ստիպված են եղել դատական մի հայց էլ ներկայացնել կադաստրի դեմ: Այն դեռ դատաքննության փուլում է: Փոխքաղաքապետի ասելով՝ Տարոն Գասպարյանն էլ իր հերթին բողոքարկել է քաղաքապետարանի որոշումը, համաձայն որի՝ դադարեցրել են կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելու մասին նախկին 15 որոշումները:
Կարդացեք նաև
Նախնական դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ին: «Հույս ունենք, որ այդ օրը դատարանում կկարողանանք ապացուցել, որ վերջապես շատ բարդ չէ էս հարցը լուծելը, որեւէ քաղաքացի իրավունք չունի տեղական տուրք հավաքել ու իր գրպանը դնել: Վերջին հաշվով՝ մեկն էլ մի օր դուրս կգա եւ ավտոմեքենայի գույքահարկ կհավաքի, կասի՝ ես իրավունք ունեմ»,- ասում է փոխքաղաքապետը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ